Էջ:Muratsan, vol. 6.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վարուցանքը, անասնապահությունը, գինեգործությունը...

— Վարուցանքն էս տարի լավ ա, տավարն փառք աստծու, ցավ ու չոռից ազատ ա, ամա դե գինին մեր կողմերում չի՛ ըլիլ, չուն մեր տեղը սար ա, թաղն արշա չի գալ (չի առաջանալ),— պատասխանեց տիրացուն, այլ կերպ հասկանալով իրան տրված հարցը։

Այդ հանգամանքը կարծես սառեցրեց Պետրոսի հետաքրքրությունը և նա այնուհետև սկսավ ավելի մտածել, քան խոսել։ Դրա հետևանքը եղավ այն, որ երիտասարդը տաքուկ վերարկուի և զով օդի ազդեցության տակ սկսավ նիրհել։ Եվ որովհետև երկաթուղու վրա շատ քիչ էր քնել, ուստի շուտով էլ քաղցր քուն մտավ։

Տիրացուն յուր կողմից աշխատեց չարթնացնել նրան և քիչ ժամանակից հետո ինքն էլ հետևեց նրա օրինակին:

Սակայն Օվանեսի «կալասկան» շարունակ սլլում էր հարթ խճուղու վրա։ Նա արդեն Ղազախը, Գագկա դաշտը և Ուզունթալան անցել և քարվանսարայի ճանապարհն էր մտել, երբ Կամսարյանն անուշ քնից արթնացավ։ Աչքերը բանալով, նա չորս կողմը նայեց և իրեն շրջապատռղ տեսարանները դիտելով, հիացավ։

Ճանապարհի մի կողմից ընկած էին հասուն արտեր կամ սիզավետ արոտներ, որոնք ուղղադիր, կամ վայրահակ տարածվում, հասնում էին մինչև հեռավոր բարձրությունները, իսկ մյուս կողմից կանաչազարդ թումբեր, ձորակներ ու բլուրներ, որոնց հետևում էին նախ մանր ու ծառախիտ և ապա խոշոր, մշշապատ լեռներ։ Դրանց մեջ, իրենց բարձրությամբ, աչքի էին ընկնում աջ կողմից Նալթեոքանը, իսկ ձախից' Կարմիր քարը' յուր երկար լեռնաշղթայով, ապա Համզասարը, Արտազը և այլն, որոնք հետզհետե իրար հաջորդելով հորիզոնը դարձնում էին վեհ և գեղատեսիլ։ Սակայն աջ ու ձախ տարածվող այդ տեսարանների գեղեցկությունը պսակում էր Աղստևի հինավուրց գետակը, որ շարունակ անծայր խճուղուն ընկերանալով, զվարճացնում էր նրա մշտական անցորդներին մերթ վճիտ քրերի քաղցր կարկաչով, մերթ փոքրիկ ջրվեժների փափուկ շառաչով և հաճախ, յուր եզերքը ծածկող կամ յուր եղտյուրներում խմբովին ցոլացող ծառերի պուրակներով։ Արևը, որ նոր էր յուր շողերը սփռում Աղստևի ձորի վրա, այդ տեսարաններին ավել էր մի դյութական պայծառություն, վառելով մշուշը լեռների լանջերում, կանաչը՝ ծառերի կատարին, դալարը դաշտերի մեջ և ցողը' ծաղիկների վրա։