Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա փայտյա, բոլորշի խանի մեջ բերավ մի քանի ամաններ, որոնց մեջ կային պանիր, կանաչ սոխ, մածուն և եփած ձուեր։ Երրորդ վերադարձին նա հանեց սեղանի վրա նոր պատրաստած կերակուրը, որ էր՝ լոբիի բորանի և մի եփած հավ։ Տանուտերն յուր կողմից բերավ դեղնած մի շշում օղի և հողե դորակով գինի։

Կամսարյանն ուտել սկսելու փոխարեն սկսավ դիտել ամանները, որոնցով տանտիկինը ցուցահանել էր ուտելիքը։ Նրանցից ո՛չ մինը նման չէր մյուսին։ Պանիրը դրված էր պղնձե, կլայեկած ամանում, մածունը՝ հողե գավաթում, ձուն՝ փայանսե կապույտ, հին ձևի մի ամանում, որն ուղիղ չէր մնում սեղանի վրա, որովհետև կոտրված լինելու պատճառով՝ մի կողմից կապված և տակից կոծկված էր։ Իսկ այդ կոծիկը (կրի, ձուի և ծեծած կանեփի շաղախ) այնքան հաստ էր քսված, որ ամանն յուր հարթությունը կորցնելով հակվում էր մի կողմ։ Վերջապես բորանին լցված էր հողե քերեղանի մեջ, իսկ հավը՝ դրված պղնձե ափսեի վրա։

Հազիվ տանուտերը ձեռքը առավ օղիի շիշը որպեսզի հյուրին հրամցնե, ահա՛ սրահի մեջ բուսավ տեր-Վանին, գյուղի քահանան։

Սա վաթսունն անցած մի մարդ էր, բարձրահասակ, բայց նիհար մարմնով, նեղ ու երկար դեմքով, խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրներով և, սակայն, հարուստ, ալեխառն մորուքով, որ մեղմում էր դեմքի տգեղությունը և ծածկում երկար, դեղնած պարանոցը, որի վտիտ շուշակները զատվում էին փողից ինչպես պինդ ձգված պարաններ։

— Բարի աջողում,— ասաց նա խաղաղ ու մեկին արտասանությամբ և գավազանը գետնին խփելով, կանգ առավ, կարծես սպասելով թե ի՞նչ ընդունելություն պիտի գտնե։

Տանուտերն իսկույն վեր կացավ տեղից։

— Օրհնյա տեր, համեցիր,— ասաց նա հարգանքով և յուր տեղն առաջարկեց քահանային։

— Նստիր տեղդ, ես ըստեղ կնստեմ,— ասաց վերջինս ղազախեցվոց բարբառով և գավազանը պատին հենելուց հետո, ձեռքը պարզեց Կամսարյանին.— բարով ես եկել, հազար բարով: