Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդի ախորժակն հետզհետե բացվում էր կամ գուցե նրա հետ կատարվում էր այն, ինչ որ հայկական առածն է բնորոշում. «կկակղես՝ կուտես»։ Այժմ նա ցանկանում էր օգտվել նաև հավից, որի գիրությունից դեղնած տեսքը ցույց էր տալիս, որ շատ համով պիտի լինի։ Այս պատճառով նա նախ աշխատեց համոզել իրեն, թե սևակոլոլ պտուկը միայն դրսից կարող էր կեղտոտ լինել, բայց ոչ նաև ներսից. և հետո թե եղած կեղտն անշուշտ ջրի մեջը կմնար և ոչ թե հավի ներսը կթափանցեր։ Հենց այս մտածության վրա տանուտերը պղնձե ափսեն մոտեցրեց հյուրին, երևի վերջինի՝ հավի վրա հառած հայացքից գուշակելով նրա ցանկությունը։

— Հա՛, սրանից կարող եմ մի փոքր ուտել, բայց այստեղ... դանակ ու պատառաքաղ չկա,— ասաց Պետրոսը ժպտալով ու սեղանի շուրջը նայելով։

Տանուտերը ձեռքը տարավ գրպանը և հանեց եղջյուրե սև կոթով տեղական դարբնի շինած մի դանակ։ Բայց քահանան ժամանակ չտվավ նրան։ Հավն շտապով յուր առաջը քաշելով նա սոթտեց թևերը։

— Աղբեր, էս քաղաքացիք խի՞ ուտելու թահրը գիտում չեն։ Բա ըսենց դեղին լալի (սաթի) պես հավին էրկաթ կդիպցնե՞ն, ափսոս չի՞... հրես աստոծ դանակ էլ ա տվել մեզ, չանգալ էլ։— Այս ասելով նա ձեռքերով պատառ-պատառ արավ հավը և ափսեն մոտեցրեց հյուրին։ Բայց վերջինի համար նորեն ուտելու դժվարություն առաջացավ։ Քահանայի ձեռքերի արած ծառայությունը փակեց նրա ախորժակը, ուստի հավի ափսեն հեռացրեց իրենից։

Տանուտերն սկսավ թախանձել։ Իսկ քահանան զարմացավ, որ երիտասարդը մի փոքր առաջ ցանկություն հայտնեց ուտելու, իսկ այժմ հրաժարվում է։ Նրանք չէին գուշակում հրաժարման պատճառը, և եթե մինչև իսկ Պետրոսը բացատրեր, նրանք կզարմանային, որովհետև հավը դանակով ու պատառաքաղով կտրտելն ավելի անհաճո բան կհամարեին, քան թե ձեռքերով անդամատելը։