Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես Կամսարյանը չկարողացավ տանուտերի խնդիրը մերժել, առավ հավի մի կտորը, հանեց նախապես վրայի մորթ, որին կարող էր քահանայի ձեռքը դիպած լինել և խտրելով կերավ։

— Ես որ քե նման հաց ուտեի, հմի վաղուց մեռած կըլեի— նկատեց քահանան ժպտալով։

—Ինչո՛ւ,— հարցրեց Պետրոսը։

— Բա ըտե՛նց հաց կուտեն. էդ հու ծտի նման ես ուտում։

— Ուտում եմ այնքան, որքան կարողանում եմ։

— Կարողանալին ու՛ր ես մտիկ տալի, զոռով պտի ուտես։ Ամեն բան վարջիս (սովորություն) ա, թե վարջիս կանես, էն ա շատ կուտես, թե չէ, հալբաթ կերածդ ծտի փայ կըլի։

— Իսկ շատ ուտելն ի՛նչ օգուտ ունի։

— Ո՛նց թե ինչ օգուտ. բա աստոծ մեզ ընչի՛ հմար ա ստեղծել։

— Չգիտեմ, միթե՛ միայն ուտելու համար։

— Բա էլ ընչի՛…

Պետրոսը ծիծաղեց։

— Խի՛ ես ծիծաղըմ, դե ասա տենեմ էլ ուրիշ ընչի՛ հմար ա ստեղծել։

— Կարծեմ ապրելու և գործելու համար։

— Հեր օրհնած, բա ապրելու յա գործելու հմար չրպտի՛ ուտես․ սոված փորով գործիլ կըլի՞։

—Պետք է ուտել, այո′, բայց չափավոր։ Ով որ շատ է ուտում, նա չի կարող շատ գործե։

— Յանղլիշ ես (սխալվում ես), ով որ շատ ա ուտըմ, նա էլ շատ գործ ա շինըմ։ Ա° յ, քեզ օրինակ էշը, ձին, եզը, նրանք որ շատ չուտեն, կարա՛ն բան անել։ Յա չէ հրես ես։ Օրը իրեք անգամ որ լավ, բարաթ չուտեմ, կարա՛մ էսղադա բան շինել։ Էսօր ըռավոտ ե՛փ եմ վե կացել հա՛, ծեգը հլա ծեգած ոչ, մտել եմ ժամն ասել․ եդո հնացել եմ հանդը՝ իրեք սել խորսն (խուրձ) հվաքել բիրել տուն, եդո տիրակինի կտրած աթարը զարսել, հրեն սար եմ շինել, հմի էլ որ ըստեղ եկած չըլինի, մի ուրիշ բան կանի։ Համա դե, ասենք,— ըսել լավ դառավ. չուն եկանք, համ թե ծանոթվեցինք, համ էլ տանուտերի սեղանը պատվեցինք: