Էջ:Muratsan, vol. 6.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց երբ նավակը մոտեցավ ափին և երիտասարդը ոտք կոխեց գետնին, տեսավ, որ հեռվից չոր ու ցամաք և հազիվ բլրակի չափ երևացող այդ թումբը կանաչազարդ և բավական ընդարձակ մի գեղավայր է, հինավուրց ուռիներով տնկագործված։ Կղզու դիրքը, հարավ-արևմտյան կողմից, ներկայացնում էր լայնադիր մի տափարակ, սիրուն կանաչով ծածկըված: Այդ տափարակի վրա, լճակից քիչ հեռու, կարգով շինված էին ուխտավորների սենյակներ, որոնք իրենց կեսը դեպի հարավ, իսկ կեսը` արևմուտ ունեցած դիրքով, ներկայացնում էին կղզու ներսը փակող մի ուղիղ անկյուն և ծառայում այդ կողմից պաշտպանող պատվարի տեղ։ Այդ շինության մեջ բացված դռնից մտնելուց, Կամսարյանի առաջ բացվեցավ մի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան և հյուսիսային կողմը երկարանալով ձգվում էր հեռու, մինչև լճափը և փակվում բարդիների և ուռիների շարքերով։ Իսկ հարավ-արևելյանը կազմում էր վանքի բուն բակը, հովանավորված հաստաբուն և ստվերաշատ ուռիներով։ Այս մասի շարունակության վրա գտնվում էին ս.Աստվածածնի սագաշեն եկեղեցին և միաբանության բազմաթիվ խցերն ու կացարանները, իսկ դրանց հետևից անմիջապես բարձրացող և բուն կղզին ներկայացնող բլրի վրա` Սևանի ուրիշ մատուռները։

Հենց վանքի բակում միաբանության անդամներից երկու աբեղաներ սիրով ընդունեցին թե՛ երիտասարդին և թե՛ մյուս ուխտավորներին և քաղաքավար հարցուփորձից հետո իմանալով, որ առաջինը շուտ պիտի վերադառնա, իսկ վերջինները պիտի գիշերեն, հրամայեցին փակակալին սենյակ հատկացնել գյուղացիներին և նրանց հարկ եղած պետքերը հոգալ, իսկ երիտասարդին իրենց հետ առնելով սկսան պտետեցնել կղզին։

Միաբանների քաղցր վարմունքը գեղջուկ ուխտավորների հետ մտածության առիթ տվին երիտասարդին։ —Արդյո՞ք հոգևոր հայրերը յուր` իբրև զարգացած հյուրի ներկայությա՞մբ էր, որ այդպես քաղցր ընդունեցին գյուղացիներին, թե՞ նրանք հենց միշտ այդպես էլ ընդունում են նրանց և, սակայն, գյուղացիները սիրում են զուր տեղը բամբասել։