Էջ:Muratsan, vol. 6.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ իբրև ապացույց նա պատմեց, թե ինչպես Սիմյոն կաթողիկոսի օրով, Հովհաննես անունով մի անարժան վանահայր, լսելով որ կաթողիկոսը գալիս է այցելության Սևանա անապատին և իմանալով, որ գրասեր հայրը պիտի հետաքրքրվի վանքի գրատան վիճակով և տեսնելով այն անկարգ ու անխնամ (ըստ որում յուր իսկ վանահոր անհոգությունից գրչագրերի մեծ մասը խոնավությունից փտել կամ ցեցակեր էին դարձել), պիտի զայրանա յուր դեմ — նա բոլոր այդ տեսակ հնամաշ գրքերն ու հիշատակարանները հավաքել է տալիս քսակների մեջ և իրեն խորհրդակից ապիրատների ձեռքով թափել տալիս ծովը, որպեսզի կաթողիկոսը, Սևան մտած ժամանակ, հին ու փչացած ոչինչ չտեսնե գրատանը։

— Ի՞նչ զարհուրելի բարբարոսություն,— բացականչեց Կամսարյանը, սրտի խորքից վրդովվելով։

— Բարբարոսություն ասիր պրծար, անաստվածություն ասա, անխղճմտանքություն ասա,— ձայնակցեց վանահայրը երիտասարդին։

— Երևակայում եմ, թե ինչպիսի՜ թանկագին գանձեր են անհետացել այդ թշվառականի ձեռքով։

— Դրուստ որ թշվառական. էդ տեսակ վանահոր հիշատակը պետք ա անիծվի սերունդից սերունդ,— հարեց վանահայրը։

— Դժբախտաբար անեծքը չի վերադարձնիլ մեր կորուստը։

— Ճշմարիտ ա, չի վերադարձնիլ, ամա մնացածներին կզգուշացնի, որ էդենց անաստված թահրով վանքի գույքը չփչացնեն։

Գրադարանից ելնելուց, ծերունի վանահայրը հոգնած գդալով իրեն, խնդրեց երիտասարդին մնացած տեղերը շրջել լուսարարի հետ, մինչև որ ինքը հոգնածությունն առնելով կգար յուր հետ միասին ճաշելու։

Լուսարարը մի աոանձին հոգածությամբ առաջնորդեց Պետրոսին դեպի թանգարանը, որի պահպանությանը հանձնված էր իրեն։