Էջ:Muratsan, vol. 6.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դեռ կեսօր չէր, որ Կամսարյանը հասավ Դիլիջան։ Մինչև այստեղ նա շարունակ աշխատել էր չմտածել այն ամենի մասին, ինչ որ կարող էր յուր տրամադրությունը խանգարել։ Նա ջանացել էր մանավանդ, որ գաղափարական «ես»-ը չարթնանա և հիմար բաներ չշշնջա յուր ականջին,— «Այսպես պիտի լիներ... ուրիշ կերպ չէր լինի... որովհետև հնար չկա...» — այս դարձվածներով էր օրորել նա այդ «ես»-ին և նրա խիղճը քնացրել։ Բայց Դիլիջանում նա հիշեց հանկարծ Թարսաչայի կայարանի վերակացուին, հայոց նախկին «գյուղական ուսուցչին» և արդի «չորքոտանիների վարժապետին»։

«Ի՜նչ պատասխան պիտի տամ նրան, եթե հարցնե թե ինչո՞ւ վերադարձա»... — մտածեց Կամսարյանը և տեսավ, որ հարցը բավական լուրջ է։

Ավելի լավ է թողնել փոստի սայլակը և գնալ մասնավոր կառքով... մտածեց նա և այդպես էլ արավ։ Փոստի կայարանում ճանապարհորդներին դյուրություն տալու համար հարմարեցված էր ճաշարանի նման մի բան։ Այդտեղ երիտասարդը կուշտ նախաճաշ արավ և ապա մասնավոր մի կառք վարձելով, շարունակեց յուր ուղին։

Այժմ նա դարձյալ ոչինչի մասին չէր մտածում և զբաղված էր դիտելով ճանապարհի նոր հանդիպող տեղերը, կամ լեռների ու ձորերի այն տեսարանները, որ կարծում էր թե գալիս ժամանակը չէր նկատած։ Միայն թե Աղստևի կամուրջին մոտեցած ժամանակ նա մի վայրկյան մտածեց այն մասին, թե երբ կառքը կմոտենա Թարսաչային, ինքը կհրամայե կառապանին, այնպես արագ անցնել կայարանի առջևից, որ «չորքոտանիների վարժապետր» մինչև իսկ չի որոշիլ թե՝ ո՛վ է նստած կառքում։ Եվ այս մտածմունքի մեջ նա ձեռքը տարավ ծոցը, որպեսզի պորտսիգարը հանե. սակայն նրա փոխարեն դուրս ելավ դրաձյալ չարաբաստ note-երի տետրը, որն այս անգամ արդեն ատելի լինելու չափ անհաճո երնաց նրան։ Առանց երկար մտածելու՝ երիտասարդը շպրտեց այն կամուրջի վրայից դեպի շառաչող գետը։

Ոսկեզօծ տետրակը փայլեց մի վայրկյան արևի առաջ և անհետացավ Աղստևի տխրակարկաչ ալիքներում...