Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս մտածության ժամանակ, գթության քրոջ կծիկը քսակի միջից ելնելով՝ գլորվեց հատակի վրա։ Հենց այն է ուզում էի խոնարհիլ ու առնել, բայց նա առաջեց ինձ և կծիկն առնելով՝ քսակը դրավ։

— Այժմ արդեն տեսնում եմ որ անշնորհք ասպետ եք. — ժպտալով նկատեց Վերա Վասիլևնան, որ թեպետ զբաղված էր երշիկ կտրելով, բայց և այնպես, կնոջ հատուկ սրատեսությամբ նշմարեց թե մեր կողմը ինչ նոր բան անցավ։

— Ուզում էի վերցնել, բայց ինքն շտապեց, — արդարացա ես։

— Գիտեմ, ուզում էիք... օրինավոր ասպետը ոչ թե ուզում է, այլ կատարում է։ Այդպիսով աշխարհում դուք ետ կմնաք։

— Ոչինչ էլ չի կորցնիլ, — նկատեց Իվան Իվանիչը, առանց հայացքը հեռացնելու ձվից, որ կճպում էր ձեռքին:

— Մի սիրուն կնոջ հաճույքը վաստակելը քի՞չ բան արժե քո կարծիքով։

— Ավելի քիչ, քան այս ձուն, — նկատեց ամուսինը և ձուն կիսեց ատամներով։

Բայց գթության քույրը չէր նայում մեզ ու շարունակում էր գործել։

Գնացքը կանգ առավ մի կայարանի առաջ, ուր ի միջ այլ ուղևորների ներս մտավ մեր վագոնը մի երիտասարդ, համակրելի դեմքով գերմանուհի, յուր երկու սիրուն տղաների հետ, որոնք նմանում էին երկվորյակների, որովհետև երկուսն էլ միահասակ էին, դեմքի նույն գծերով, կապույտ աչիկներով և խարտյաշ, գանգրավոր մազերով։ Գթության քույրը նրանց տեսնելուն պես՝ թողեց իսկույն գործը և ուրախությունն ինչպես արևի շող նրա դեմքը լուսավորեց։ Ինձ նույնպես թվաց՝ թե՝ մտնողները յուր ազգակիցներն էին, վասնզի իսկույն առավ տղաների ձեռքը և մինչև որ մայրը տեղ կգտներ նրանց համար, ինքն սկսավ շոյել ու գգվել փոքրիկներին տալով նրանց շուտ-շուտ զանազան հարցեր և զվարճանալով նրանց պատասխաններով։