Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց.

— Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին։

— Իրավունք ունիք, տիկին,— հարեցի ես.— իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորշերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես։

— Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք։

— Այլև հավատացի թե՝ արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...։