Էջ:Muratsan, vol. 6.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն, Զաքարե, հինգ ընծայակիրների և մի դրոշակի հետ


ԶԱՔԱՐԵ․— (մտնելով և խորը գլուխ տալով, որի ժամանակ դրոշակիրը դրոշը խոնարհում և այնպես պահում է մինչև. խոսակցության վերջը: Տեր-զորապես, տե′ր Նուին, իշխան Հասան-Ջալալ-Տոլան խոնարհ բարեկամությամբ ողջունում է ձեր մեծությանց մուտքը մեր երկիրը: Եթե այսօրվանից ձեր մի քանի գունդերը հարձակված չլինեին մեր բերդի վրա, մենք ձեր գալուստը կընդունեինք իբրև շնորհաբեր այցելություն խանի հեռավոր կալվածներին։
– Բայց որովհետև այդ հարձակումը տեղի ունեցավ, ուստի մենք ստիպվեցանք պաշտպանվել։ Բայց իշխան Ջալալ-Տոլան բնավ չէ ցանկանում սրով դիմադրել խանի զորքերին, ըստ որում նրան ծանոթ է ձեր սրի ուժը և հաջողությունը։ Ուստի խոնարհելով ձեր զորության առաջ, իմ բերանով խնդրում է, որ բարեհաճեք նվիրել իրեն ձեր թանկագին բարեկամությունը և յուր երկրից հանել ձեր զորքերը։ Դրա փոխարեն նա խոստանում է յուրաքանչյուր տարի վճարել վեհափառ խանին ձեր կողմից որոշված հարկը։ Իսկ առայժմ խնդրում է ընդունել այս (ցույց տալով ընծաները) առհավատչյան։
ՋՈԼԱ․— Ես ընդունում եմ Հասան-Ջալալի ուղարկած ընծաները. (ընծայակիրներն ընծաները դնում են գետնին) և նրա խոնարհած դրոշը. բայց սպասում եմ, նաև, բերդի բանալիներին և յուր դուստր Ռուզանին, իմ եղբորորդի Բուրա-Նուինին (ցույց տալով Բուրային) կնության համար։ Սրանք ղրկելուց ետ՝ նա յուր իշխաններով կիջնե իմ բանակը՝ անձամբ յուր իշխանությունը իմ ձեռը հանձնելու, որովհետև ես այն պիտի տամ առավել արժանավոր (ցույց տալով Համտունին) մարդու...
ԶԱՔԱՐԵ․— (խոնարհած դրոշը խլելով, կանգնում է հաղթական ձևով և ապա նայում է Համտունին, որին մինչև այն չէր նշմարել) Ա՜... դու այստե՞ղ ես... այդ դո՞ ծանոթացրիր նրանց Ջալալի դստեր հետ։