Էջ:Muratsan, vol. 6.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Դ
 Առաջիններն և Ռուզան


ՌՈԻԶԱՆ․— (դուրս գալով աջ դռան վարագույրի ետևից)։ Կացե՛ք, հայր իմ։

ՋԱԼԱԼ.— (ցնցվելով) Աղջիկս․․․

(բոլորը միաբերան)

ՆԵՐՍԵՀ.— Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ— (ցնցվելով) Աղջի՛կս․․․

ՌՈՒԶԱՆ.— (բոլորին) Ո՞ւր եք դիմում, իշխաննե՛ր։

ՋԱԼԱԼ.— Թշնամու դեմ, որդյա՛կս։
ՌՈՒԶԱՆ.— Ես չի պիտի թողնեմ։
ՋԱԼԱԼ.— Հազար կապյալներ պիտի զոհվին այնտեղ՝ եթե մենք ուշանանք։
ՌՈՒԶԱՆ.— (հանդիսավոր) Գիտեմ. բայց նրանց ես պիտի ազատեմ։
ՋԱԼԱԼ.— Օ՜հ, աղջիկս․․․
ՆԵՐՍԵՀ.— Ռուզա՛ն, ի՞նչ ասացիր։
ՄԱՄՔԱՆ.— Ի՛նչ եմ լսում։ (Դիմում է դեպի Ռուգանը): Դստրի՛կս, ի՞նչ ես խոսում։
ՌՈՒԶԱՆ.— Ի՞նչ, մի՞թե կարծում էիք, թե ձեր խռովության ու վրդովման պատճառները գաղտնի պիտի մնային ինձնից։ Ես բոլորն իմացա։ Թեպետ ինձ արգելեցիք ներկա լինել ձեր խորհրդարանում. սակայն ա՛յս հասարակաց աղետի ժամանակ՝ ես չէի կարող ձեր հրամանը ճշտությամբ կատարել։ Ես պահվեցա այո վարագույրի ետև (ցույց է տալիս աջ դռան վարագույրը) և բոլորը լսեցի։ Ես գիտեմ թե ո՞վ է այն անձն, որ Համտուն իշխանի սրտում դավաճանություն է հղացել, թե ո՞վ է նա, որ բռնավոր Ջոլայի՝ մեր երկիրը արշավելուն պատճառ է դարձել և որ հազար անմեղ կապյալների կոտորելուն էլ պատճառ պիտի դառնա... այդ թշվառն ես եմ. ես ինքս էլ, ուրեմն, իրբև հանցավոր, պատիժը կկրեմ։
ՋԱԼԱԼ.— Աղջի՛կս, ի՜նչ ես կամենում անել։
ՌՈՒԶԱՆ.— Ես պարզ խոսեցի, տիրեցյալ հայր. ես պիտի զոհվիմ. ինձ պիտի ղրկեք թշնամու բանակն և հանձնեք բռնավորին, որովհետև քո իշխանության և ժողովրդի բախտն այդ անձնազոհությունից է կախված։ Իսկ ես այնքան թուլասիրտ չեմ, որ իմ հայրենիքին այսպիսի մի զոհ բերելու համար վայրկյան անգամ տատանիմ։ Ես վճռել եմ։