Էջ:Muratsan, vol. 6.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Դ
Առաջիններն և Աբու



ԲՈԻՐԱ.— (Աբուին, որ մտնում է) Հա՛, ի՞նչ լուր բերիր։
ԱԲՈՒ.— Ջալալ իշխանը, տեր, քո մեծության հրամանն անարգեց։
ԲՈԻՐԱ.— (բարկացած) Կրկնի՛ր նրա պատասխանը բառ առ բառ։
ԱԲՈՒ․— Ասա՛ այն բռնավոր գազանին, պատասխանեց նա, թե ես ա՛յս րոպեին կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու։
ՀԱՄՏՈԻՆ․— (ուրախանալով և ինքն իրեն) Ահա՛ թե ի՞նչ էի կամենում լսել... հրճվի՛ր այժմ, սի՛րտ իմ։
ԲՈԻՐԱ.— (կատաղաբար) Այդպե՞ս հանդգնեց պատասխանել այն շունը․․․ Յուր դստեր փոխարեն նա յուր սու՞րն է առաջարկում ինձ։ Լավ, ուրեմն։ Ես այդ սուրը նրա գլխի հետ միասին իմ ոտքերի տակ կփշրեմ․ նրա երկիրը արյան ու կրակի ծով կդարձնեմ։ Մինչև մի քանի օր բոլոր այն շեները թող անապատ դառնան (կանչելով դեպի բեմի խորքը): Է՜յ, դահիճներ, առաջ անցեք։ (Ներս են մտնում մի խումբ կարմրազգեստ դահիճներ, իրենց դահճապետի հետ):
Այստե՛ղ, իմ աչքի առաջ, նախ կոտորեցեք այս գլխավորներին (ցույց տալով կապյալների վրա), որոնք եկել էին իմ գթությունը հայցելու․ մնացած խուժանը թող բաժին դառնա զորականի սրերին։ (Դառնալով յուր դիմացը գտնվող կապյալներին): Ես ձեզ խոստացա կյանքերնիդ շնորհել, եթե ձեր իշխանն իմ առաջարկությունը կընդուներ։ Բայց նա, ինչպես լսեցիք, ոչ միայն մերժել է այն, այլև խրոխտացել է թե՝ պիտի գա յուր սրովն ինձ պատասխանելու։ Ուրեմն ես այժմ սուր քաշել կտամ ձեզ և ձեր դիակները կհրամայեմ դիզել նրա բերդի առաջ։ Թող այդ հիմարը հասկանա, որ ես կատակ չեմ անում, և այնուհետև գա յուր պատասխանը տալու։