Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճանի ժիր ու գործունյա է, որ Սևանի միաբանության թե՛ ներքին և թե՛ արտաքին գործերի համար նա մի անհրաժեշտ անձնավորություն է։ Այսուամենայնիվ անհաճո է տեսնել, որ նա՝ սարկավագ լինելով հանդերձ՝ տիրում է բոլոր միաբանության վրա, որ նրա գործունեությունը չի ենթարկվում կանոնավոր հաշվի ու կոնտրոլի։

Այս ասելով, մենք, իհա՛րկե, չենք կամենում ստվեր ձգել սարկավագի գործունեության վրա․ մենք, ընդհակառակը, հավատում ենք, որ նա յուր միաբանությանը ծառայում է հավատարմությամբ. բայց ասում ենք, նրա համար, որովհետև հաշիվ ու կոնտրոլ եղած տեղը կասկածներ չեն ծնանիլ, միաբանության մեջ տրտունջ չի լինիլ և ուխտավոր հասարակությունը չի ասիլ, թե՝ «բոլոր վանքը Սողոմոնն է ուտում»։

Որքան հիմնավոր են այս խոսքերը, չգիտենք, բայց ուխտավորներից շատերը այդ խոսքերովն էին իրենց տրտունջը արտահայտում։

Մյուս կողմից էլ Սողոմոն սարկավագը միաբանության հետ, այսինքն՝ նրա խուցերում չէ ապրում, նրա հետ չէ և ճաշում, այլ առանձին և ավելի հարմարավոր սենյակում, մինչդեռ արժ․ վանահայրը շարունակ միաբանության հետ է։

Առհասարակ չպետք է թույլ տալ, որ միաբանության մեջ հավասարության օրենքը խախտվի։

Սևանի ուխտի նախկին հայրերից սահմանյալ оրինաց հոդվածներից մինը հետևյալն է.

«Ոչ ունել ումեք առանձին ստացված ինչ, և ոչ պահել ինչ ի սենեկի և ոչ ուտել բնավ արդեն։ Այլ ի հարկանել կոչնակի՝ ամենեցուն միաբան գնալ ի սեղան և հավասար բաժանել զկերակուրն մեծի և փոքրու և ընթեռնուլ զգիոս ի սեղանի.»։

Այս հոդվածը չի գործադրվում բարեշնորհ սարկավագի վերաբերմամբ, որի պատճառավ (գուցե և ուրիշ պատճառներով, որոնք հայտնի չեն ինձ) երիտասարդ աբեղաները լարված են նրա դեմ։

Բայց ինչ էլ որ լինի, անկարելի է ուրանալ Սողոսոն Սարկավագի կառավարելու վերաբերմամբ ունեցած մի քանի