«Երբ մենք կարդում ենք նրա (Մուրացանի) գրվածքների ցուցակը, իմանում ենք, որ նա գրել է և «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպը, կարող ենք թույլ տալ մեզ առանց նույնիսկ վեպը կարդացած լինելու, թե ի՞նչ վերաբերմունք պիտի լինի դեպի այդ կաթոլիկը։ Միայն այս վերնագիրները «Հայ բողոքականի ընտանիքը», «Իմ կաթոլիկ հարսնացուն» բավական են ցույց տալու համար, որ մենք գործ ունենք հայ տիրացուական ազգասիրության ներկայացուցիչներից մեկի հետ»:
Բավական չէ, որ մարդ խիղճ չունենա, ամոթից էլ պետք է զուրկ լինի, որ կարողանա այս տողերը հանձնել մամուլին։ Արդյոք տեսնվա՞ծ է աշխարհում մի քննադատ, որ վիպասանի գրվածքի միայն վերնագիրը կարդալով, դատաստան անե նրա մասին: Մի՞թե այս չէ ապացուցանում այն, որ պարոնը հենց սկզբից է ճգնում նախապաշարել ընթերցողին և տոգորել նրան այն ատելությամբ, ով ինքն է վառված գրողի դեմ: Կա՞ արդյոք այստեղ գրականության ու գեղարվեստին ծառայություն մատուցանելու ցանկության գեթ մի նշույլ։
«իմ կաթոլիկ հարսնացուի» մեջ ես նկարագրել եմ գաղափարական սերը մի կաթոլիկ հայ աղջկա և հայադավան երիտասարդի, որոնց ապագա միության սիրով համաձայնել են իրենց մերձավորները, համարելով այդ երկու ընտանիքների համար մեծագույն մի բախտ: Բայց կաթոլիկ քահանան խանգարում է այդ միությունը` հայտնի պատճառներով, որոնք բացատրված են վեպի մեջ։ -Չե՞ն եղել այդպիսի դեպքեր, չե՞ն լինում և այսօր էլ։ Մի՞թե հանցանք է, որ ես իմ վեպերով հարվածում եմ կրոնական մոլեռանդությունը. կարդացեք վեպը և տեսեք, ա՞յդ է նպատակը թե ոչ։ Եվ մի՞թե միայն բողոքական ու կաթոլիկ հոգևորականների թերությանց մասին եմ խոսել, նույնը չե՞մ արել հայադավան հոգևորականների նկատմամբ։ Եթե առաջինների մեջ հարվածել եմ կրոնական մոլեռանդությունը, վերջինների մեջ էլ եպերել եմ զոշաքաղության ախտը, ծուլությունն ու անգործությունը: Ապացույց ձեզ իմ «Չհաս» վեպը, որի մեջ հայ քահանաների մի ամբողջ խումբ, իրենց եպիսկոպոսի հետ դուրս են բերված կարի անհամակրելի գծերով։ Նույնը չեմ արած և իմ