բայց նա գտնվել է Շուշիում Իբրահիմ-խանի և Մեհդիչալի խանի ժամանակ, մասնակցել է ռուսաց պատերազմներին և Շուշի քաղաքի երկրորդ պարսպի շինության ժամանակ ծառայել է պահանորդ գնդերի մեջ (ապացույց` նրա ստացած մեդալը 1826—27—28 թվերի համար։ За Персидскую войну): Այդ խառնակություններից հետո նա պարապում է եղել գազազությամբ, և ինչպես ինքն էր պատմում, որով գնում է եղել Թավրիզ և այնտեղից ապրանքներ բերում։ Երբ նա յուր որդիների կամ թոռների մեջ ծուլություն էր նկատում, «Շան տղերք, ասում էր, ես ձեր ժամանակ հարյուր անգամ ոտքով գնացել եմ Թավրիզ և վոթկա առել ու շալակով բերել ու այստեղ վաճառել եմ, իսկ դուք ծարավ ժամանակնիդ անգամ ծուլանում եք ձեզ համար ջուր բերել և խմել։ Մի՞թե դուք հաց ուտելու արժանի արարածներ եք»։
Իմ պապս առհասարակ հայտնի էր յուր հիշոցներով, բայց միևնույն ժամանակ և յուր փիլիսոփայություններով, յուր բազմափորձ կյանքից սովորած խրատականներով։ Նա անկեղծ էր, աներկյուղ և ճշմարտախոս։ Դիմացի մարդը եթե նույն ինքն Դիոնիսիոսը լիներ, դարձյալ նա նրան կհանդիմաներ— եթե հանդիմանության արժանի էր։ Նա լավ ձայն էլ ուներ. մինչև անգամ խոր ծերության ժամանակ և շատ սիրուն երգում էր եկեղեցական երգեր։ Նա ինքն ասում էր, թե տիրացություն էր արել մի ժամանակ։ Ես իմ պապին հիշում եմ բավական քաջառողջ ժամանակ. բայց վերջերում ծերությունը հաղթեց նրան, նա ընկավ անկողին, երկար տանջվեցավ ծերության անկարողությունից և մեռավ, կարծում եմ, ոչ պակաս հարյուր և տասը տարեկանից — այսպես էին ասում գոնե այն ժամանակ։
Բ
Իմ պապը, Դանիելը, յուր հոր նման երկու կին է ունեցել։ Առաջինից` իմ ժամանակ կենդանի էր մի որդի, Կարապետ անունով—ուրիշներն էլ թե եղել էին` չգիտեմ։ Այդ անդրանիկ որդին նույնպես յուր պապի և հոր բախտին էր հանդիպել, այսինքն` կինը մեռնելով երկրորդն էր առել. առաջինի ում աղջիկը