Էջ:Muratsan, vol. 7.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սփոփանք գուրգուրում է իմ սիրտը, երբ մտածում եմ, թե դու ինձ ճանաչում ես, թե դու ինձ չես դատապարտում, թե դու ինձ անազնիվ և կեղծավոր չես ճանաչում... Եվ հենց այստեղ եմ հասկանում ես հույն փիլիսոփայի խոսքը, թե «Մի ճշմարիտ բարեկամ, և բոլոր աշխարհն ունիմ»։ Միայն կցանկայի իմանալ, թե մամադ է նույն կարծիքի է իմ մասին, ինչ որ յուր եղբայրն է. թե տարիներով հեռու լինելն կարողացել է մոռացնել տալ նրան, թե «ո՛վ է Գրիգորը» և թե նա ընդունակ է անազնվության։

Ես կամենում էի ղրկել քեզ Սամսոնի նամակը, բայց չուզեցի պղտորել քո սիրտն ու հոգին, առանց այն էլ այս նամակը պիտի վրդովեցնե քեզ։ Բացի այս, գիտեմ, որ Սամսոնը քեզ էլ նամակ գրած կլինի և երևակայում եմ, թե ինչեր կլինի գրած. իմ կյանքում առաջին անգամն եմ պատահում այդ տեսակ անխիղճ, անհոգի և անսիրտ մարդու։ Բայց աղաչում եմ քեզ, Ոսկի, հոգյակս, անտարբեր եղիր դեպի այս դեպքը և նրա գրությունները. դու էլ գիտես, որ ես մի մեծ հանցանք գործած չունեմ, և որ այդ իմ գրած բանը ինքնըստինքյան մի ծանրակշիռ բան չէ. ուրիշների հետ ամենախայտառակ անցքեր են պատահում, և նրանք դարձյալ այնքան իրենց սրտի վերա չեն առնում։ Ախր ինչ է պատահել մեզ, ինչու ամեն չնչին բաների համար պիտի այս աստիճան վրդովվինք և մաշենք մեր սիրտը. էլ երբ պետք է ապրինք մենք, էլ երբ պետք է ուրախ լինենք` առանց այն էլ սպառելու մոտեցած մեր կյանքում։ Այս մինևույն խոսքերն խնդրում էր, որ գրեմ քեզ և Աղայանցը, որովհետև նա էլ գիտեր, որ դու այդ բանի վերա շատ կմտածես, և ասում էր, որ խորհուրդ տամ քեզ բնավ չմտածել այն մասին, որովհետև դեպքն ինքնըստինքյան չնչին և աննշան բան է, մենք ենք նրան մեծ նշանակություն տալիս. եթե, ասում էր, մինչև անգամ «Մշակ» -ում նա խայտառակ պատասխան գրի, դարձյալ չվրդովվես, եղածը կանցնի, բայց սրտի ստացած վերքը դժվարավ կբուժվի։

Թանդոյանի ուսումնարանում քո պաշտոն ունենալդ որոշվեցավ վերջացավ, մանրամասնությունները կգրեմ մամիդ նամակումը։