Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սոսափյուն. գրեթե ոչ ոք չկա այդտեղ։ Ես իսկույն իջա այն հովանուտը, որտեղ «Մեղվի» թերթը քեզ համար սփռոց շինեցի և դու նրա վերա նստելով կարդացիր ինձ այն զույգ հիմարների նամակները։ Բայց ես իսկույն նրանց մոռացա. արժեր միթե իմ սրբազան ոգևորությունը խանգարել այդ տեսակ մարզիկների վայրաբանությանց հիշատակությամբ… Բայց ես հիշեցի մեր քնքշիկ զրույցները, մեր սիրապափար զգացմունքի թռույցքները քո Շուշի գալուդ մասին խոսածներդ և վերջապես քո փախուստը՝ երևակայական օձի սողալուց… Ես հիշեցի սիրուն անձրևը, բարերար մառախուղը, որ պատսպարեց մեզ երթևեկների աչքերից և քարայրը, ուր մենք նախաճաշ արինք գերմանացի և ռուս ընտանիքների ընկերակցությամբ։

Իսկ այս ամենից հետո ես շրջագայեցի այն նեղ ճանապարհի վերավանդակների մոտ, ուր մենք զբոսնում էինք, և ուր մենք ն… նախանձ բերելով հրեշտակներին։ Ամբողջ չորս ու կես ժամ ես այստեղ էի, բայց թե ինչպես շուտ էր անցել այդ ժամանակը, ես ափշեցա։ Ուրեմն միայն քեզ հետ խոսելը չէ, որ ժամերը րոպեների է փոխարկում, քեզ վերա մտածելն էլ այդ դյութական զորությունը ունի ժամանակի վերա։

Իսկ այժմ, երբ ես դառնում էի, ավերակի մոտից նայեցի ձեր տան բակին, տեսի այնտեղ քո պատուհանները և, աստվա՜ծ իմ, կարծեցի, թե դու էլի այնտեղ ես, կարծեցի դու ինձ տեսնում ես, և ես խոսեցի քեզ հետ, իսկ հետո… հետո ես արտասվեցի… օհ, դժվար է, դժվար է… իմ հոգին շատ թույլ է…

Կիրակի (երեկոյան — ժամ 10)

Հենց այս րոպեին վերադարձա Մուշտեիդից։ Սպանդարի հետ ճաշելուց հետո նա գնաց տանը մի փոքր քնելու, իսկ ես քայլերս ուղղեցի դեպի իմ սիրելի զբոսարանը։ Երկու քառորդ ժամ թափառելուց հետ ես գնացի և պառկեցի այն մանվածապատ ածուներից մինում, որտեղ պատահեցինք Լալայանցին։ Ծառերը գեղեցիկ հովանի էին անում ինձ վերա, կանաչ