հիվանդ ես— ֆիզիկապես թե հոգեպես, չգիտեմ, բայց անշուշտ դու տանջվում ես մի ցավով, անկարելի է, որ իմ սիրտը խաբե ինձ. ես ավելորդ տեղից երազներ չեմ տեսնում։ երազները, երբ քեզ են վերաբերվում միշտ կատարվում են։ Այժմ կէրթամ կանտոր, թե այնտեղից քեզանից նամակ չստանամ, ավելի ևս պիտի բազմապատկվի մտատանջությունս։ Ախ, որքան շատ դժվար է սիրելը, որքան տատասկոտ և առապար է նրա ճանապարհը... Ես այժմ միայն զգում եմ այս աստվածային զորության, այս դիցական կրակի մարդկային տկար սրտում պարունակելու անկարելիությունը. թող սիրեն աստվածները, թե գոյություն ունին նրանք. մահկանացուն միայն կարող է կարդալ սիրո համար և լսել նրա պատմությունը։ Այն սրտով, որը մենք ունենք, միայն կարելի է ցանկանալ ապրել. և ապրել խաղաղ, անհոգ, առողջ և զվարթ։ Բայց սիրել... Օ՜հ, այս տկար սրտով անկարելի է...
Եկի կանտոր. ոչինչ չկա. երևի երազս ինձ խաբում է։ Մի փոքր ուրախ կլինեի, եթե այս կարծիքը հաստատվեր իմ մեջ, բայց դեռ սպասում եմ։
Այս րոպեիս ստացա «Նոր-Դարը», քո թարգմանությունը նրա մեջն է։ Բայց որքան շատ սխալներ կա. այդ կույր սրբագրիչը կարծես ավելի է կուրացել քո հոդվածի մեջ, այնտեղ ամբողջ բառեր կան դուրս թողած, այնպես որ միտքը անորոշ է մնում. բայց հոգ չէ. ընթերցող հասարակությունը մեր աչքերովն չէ կարդում. ստորագրության մասին ես ոչինչ չեմ ասել. Սպանդարն է «օր. XXX» դրել, գոհ ես թե դժգոհ:
Երեկ երեկոյան պատահեցի Սեդրակ Մանդինյանին, նա նոր է եկել էջմիածնից և շուտով էլ պիտի գնա։ Շատ հետաքրքիր բաներ էր պատմում կաթողիկոսական ընտրության ժողովից. բաներ, որոնց նամակում գրել անկարելի է… Ճնշումներ, խանդավանանք... Ամոթ, հազար ամոթ ներսեսականներին և մեծ արջին... Մակարի մասին մեծ գովեստներով էր խոսում։ Եվ ճշմարիտ, թե այդ մարդը այդքան անձնվիրություններ