Էջ:Muratsan, vol. 7.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում. ես էլ ճգրու քեզ սիրում եմ և դրա համար քեզ ուղարկեցի Շուշի։ կատակը մի կողմը, ինչպես դու էլ գրում ես շատ կարոտել եմ քեզ, բայց չեմ իմանում ինչու անպատճառ սիրում եմ, որ դեռ շատ ավելի կարոտեմ և հետո, երբ էլ ուժս կհատնի, այն ժամանակ տեսնվեմ քեզ հետ։ Երևի չարչարվելն էլ, ստոյեկյանների ասած, երջանկություն է։ Բայց քրտինքս արդեն ողողում է ինձ, սենյակում շոգը 24 աստիճան է, չնայելով, որ երեկո է, ես ուզում եմ վերջացնել. մի նեղանար, հոգիս, որ այս նամակը այդքան հիմար ու անհամ դուրս եկավ, ես էլ անհամ դրության մեջ եմ, քրտնած, գլուխս ցավում, շան նման քրտնած և այլն։ Այս նամակը թե քեզ դուր չգա` դեն գցիր, ու մյուս նամակներիցս մինը, որը որ հավանում ես, վերցրու նորից կարդա։ Իրավ սա ինչ բան է. դու իմ գրած հարցերի վերա լիովին չես խոսում. մի՞թե կարելի է։

Այստեղ եղանակը շան եղանակ է. երբեմն տաք, երբեմ` ցուրտ. ահա մի քանի օր է անընդհատ քամի և անպիտան փոշի է, մարդու զահլան գնում է, այժմ էլ դրսում քամին փալասնգի է տալիս։ Գլխիս ցավը մի մեծ բան չկարծես, այսօր մեր պարոնների շնորհիվն շատ ման եմ եղել ոտներս կոտրատվելու չափ, նրանից է, տաքն ու քամին խառնվել են իրար ու գլխիս վերա ազդել։ Ես ուրախ եմ, որ գոնե դու և Գուրգենը այստեղ չեք։

Նիկոլայի նամակը բանալդ մեծ ցավ չէ, բայց նրան նամակներ ենք գրել և պատասխանին չարաչար սպասում ենք։ Բոլորին բարևիր, վայ հոգիս դուրս եկավ, ներիր, քեզ մատաղ, էլ չեմ գրում.

էլի քո Գրիգոր

(Ափսոս է դատարկ տեղը)

11 հուլիս, 86, Թիֆլիս

Իմ անգին և պաշտելի Ոսկի.

Վերջին նամակդ ստացա և, ինչպես միշտ ուրախությունից դողացող ձեռքերով բացի, կարդացի և հասկացա քեզ