Էջ:Muratsan, vol. 7.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուզենայի, որ դու՝ առանց ինձ հետ կապված լինելու՝ առանց իմ վշտերին կցորդ լինելու, կարողանայիր ուրախ և երջանիկ լինել։ Այն ժամանակ ես, իհարկե, ինձ համար չէի մտածիլ, մինչև անգամ չէի աշխատիլ ինձ համար բախտ որոնելու և չէի ցավիլ, թե թշվառ ապրեի. ես կբավականանայի միայն հեռվից քեզ վերա նայելով, քեզ երջանիկ տեսնելով և քեզմով ուրախանալով… Բայց ինչ արած, սա մի անհնարին բան է. այս փափագը ցնորքից մի քիչ ավելի է. դու չես կարող առանց ինձ բախտավոր լինել և ես ստիպված պիտի աշխատիմ իմ անձը երջանիկ անելու, որ դու նրան երջանիկ տեսնելով ուրախանաս, և այդ ուրախությունը անդրադարձնես իմ մեջ։ Այդպես ես պիտի անեմ ոչ թե ինձ համար, այլ քեզ համար, որովհետև իմ բախտավորությամբ ուրախացողը ես չեմ, այլ դու, և քո ուրախությունը քեզ համար չէ, այլ ինձ համար։ Այսպես է սիրո փոխադարձ բարեկամությունը։ Բայց չգիտեմ դու ինձ կարողանում ես հասկանալ այնպես, ինչպես որ ես եմ ուզում որ հասկանաս։ Ավելի պարզ լեզվով խոսելու համար կասեմ.— ճշմարիտ սերը այն մարդու մոտ է, որ միայն սիրում է. և ոչ թե նրան՝ որ սիրում է, բայց և սպասումը սիրվելու իսկ հակառակ դեպքում նա զգաստանում է և սառչում յուր սիրո առարկայից։ Այդպես մի իմանար ինձ։ Երբեք ես չեմ սպասում, որ դու սիրես ինձ և չեմ էլ հափշտակվում, երբ դու հալվում ես ինձ համար. իմ ճշմարիտ երջանկությունը ես գտնում եմ նրա մեջ, որ քեզ սիրում եմ իմ հոգվո բոլոր կարողությամբ և հենց այդ սիրելու մեջն էլ ես ստանում եմ իմ բավականությունը։ Եվ այդ գերբնական զգաստացումն է պատճառ՝ որ իմ մեջ նախանձ ասած բանը չկա։ Նախանձը էգոիստների սեփականությունն է, այսինքն՝ այն մարդկանց՝ որոնք միանգամ սիրելով՝ ուզում են փոխարենը տասնապատիկ սիրվիլ: Իեձ համար բոլորը մեկ է. ուզում ես սիրիր. այդ քո ցանկությունը և իրավունքն է, բայց որ ես քեզ սիրում եմ և դրանով էլ երջանիկ եմ, այս հարստությունը ոչ ոք չէ կարող խլել ինձանից։

Չգիտեմ, գուցե մի օր զարթնի իմ մեջ այդ հրեշավոր զգացմունքը, գուցե, ով գիտե, մարդկային հոգին նույնչափ