Էջ:Muratsan, vol. 7.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք կից են փոստային։ «Երեք փոստ անցան. նամակ չունիմ, ինչ է պատահել հեռագրեցեք», այս խոսքերով իսկույն մի հեռագիր քաշեցի Նիկոլային և անհանգստությունից տանջվելով գնացի կանտոր։ Էլ այսուհետև ոչինչ շինել չկարողացա. հազար և մի տխուր մտածմունքներ պաշարեցին ինձ… Արդյոք Ոսկին հիվանդացավ. արդյոք Նիկոլային մի բան պատահեց, թե երեխան չէ ապրում, կամ գուցե մեկին մի դժբախտություն պատահեց, ամբողջ ժամանակ ցնորքներս պտույտ են գալիս քո և Նիկոլայի գլխով… դու խո գիտես իմ երևակայության ուժը… նույնիսկ հանգիստ ժամանակս ես ամենատխուր մտածմունքներով անհանգստացնում եմ ինձ, ուր մնաց հիմա, որ բյուրավոր պատճառներ ունեմ տխուր մտածմունքներով գլուխ չարչարելու… Վերջապես գնացինք ճաշելու, ես ոչինչ չկարողացա ուտել. Թիլիկը այդ նկատեց. ես ասացի որ հիվանդ եմ. սրանով էլ հարցը գոցվեցավ։ Սեղանից վեր կենալուց ես չկարողացա գնալ կանտոր, ուզում էի գնալ զբոսնելու, գուցե մտածմունքներից մի փոքր թեթևանայի. բայց այդ էլ սրտիցս չտվավ: Գնացի տուն, հանվեցա և պառկեցի։ Ես ցանկանում էի քնել, որ դրանով, թե՛ ժամանակը սպանեի և թե՛ երազումս տեսնեի քեզ և պատճառը հարցնեի… դու մի ծիծաղիր, ես այս առանց կատակի եմ ասում, ես այժմ հասկանում եմ Մոհամեդի դրությունը, որ կամենում էր քնած ժամանակ աստուծո հետ խոսել… կամ սուրբ Մեսրոպի աղոթքը՝ որով հայկական տառերի գյուտն էր հայցում աստվածանից… (այս րոպեին քթիցս շատ արյուն եկավ և նամակդ էլ արյունոտեց. բայց, տեր աստված, չլինի թե սա մի տխուր գուշակություն է… օհ, ներիր, սիրելիս, ես այս րոպեին ամեն բան մտածում, ամեն բան բանդագուշակում եմ…)։ Վերջապես ես քնեցի, իմ ցանկությունը ի թերև չելավ։ Ես տեսա քեզ, ուրախ զվարթ գալիս էիր ինձ մոտ մամի հետ միասին։ Առաջին հարցն այն եղավ, թե «Ինչու այսքան ժամանակ նամակ չես գրում». դու պատասխանեցիր ինձ, թե՝ «Այդ իմ մեղը չէ. մաման չէ թողնում. ասում է բավական է որքան նամակներ գրելով մաշվեցիր…»։ Ես ծիծաղում եմ, բայց ներքև բանող ուստաների թխկոցներից կրկին զարթնում։ Այսուամենայնիվ կրկին ցանկացա քնել և երազս շարունակել։