Էջ:Muratsan, vol. 7.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես ստացա Նիկոլայի քաշած հեռագիրը, որին սրտատրոփ սպասում էի. փառք աստուծո, հազար անգամ փառք, որ բոլորդ էլ առողջ եք: Չեք կարող երևակայել իմ ուրախության չափը, մանավանդ գիտենաք, թն ինչ դրության մեջ էի գտնվում, երբ հեռագիրը հասավ ինձ...

Այս նամակի հետ ուղարկում եմ և իմ երեկվա գրածս, որ մի փոքր ծանոթանաս իմ դրության հետ և ծանոթացնես Նիկոլային, որպեսզի բոլորդ միասին չմեդադրեք ինձ անհամբերության մեջ։ Եթե ես ամեն փոստ քեզանից նամակ ստացած չլինեի կամ սկզբից արդեն սովորած լինեի շաբաթը մեկ նամակ ստանալուն, հարկավ, այսպես չէի անհանգստանալ. բայց այդպես չէր սկսված բանը և ես իրավունք ունեի տարակուսելու։ Ախր չէ՞ որ անհնարին բան էր, որ Ոսկին 3 փոստ լռեր... ուրեմն մի բան պետք է որ անշուշտ պատահած լիներ։ Եվ ահա, Նիկոլայը յուր հեռագրում գրում է «письма написаны»: Ուրեմն նամակներ գրել ես և ինձ չէ հասել։ Բայց միթե կարելի է։ Ղարաբաղից ամեն անգամ փոստը կանոնավոր եկել է. ուր են մնացել ուրեմն քո նամակները, գողացվե՞լ են, թե կորել, և ինչ. բոլորը միասին (թե օրինակ 2 կամ 3-ին եղել), ոչինչ չեմ հասկանում, էլի երկմտում եմ. ուրեմն դարձյալ կսպասեմ վաղվա փոստին։

Բայց քեզ նկարագրեմ իմ դրությունս՝ երեկվա նամակը վերջացնելուց հետո։- Ժամը տասն էր. մութ. ես գնում եմ հեռագրատուն իմանալու համար, թե հեռագրիս պատասխանը եկավ, թե ոչ.-ոչինչ չկա։ Ես մտամոլոր սկսում եմ թափառել փողոցները, ուր եմ գնում, ինքս էլ չգիտեմ, հանկարծ ինձ գտնում եմ Վերայի խաչի մոտ։ Ես գնացել եմ այնտեղ ոտով, առանց զգալու։ Երևի ցանկացել եմ միանգամ էլ տեսնել այն թթենիներին, որոնց մոտ մենք սիրախոսում էինք... Հանկարծ խելաբերում եմ. կամաց կամաց հետ եմ գալիս, նստում եմ ձիաքարշը և կրկին վերադառնում հեռագրատուն։ Ժամը 12-ն է գիշերվան. հարցնում եմ. դարձյալ լուր չկա... հուսահատ և կիսամեռ վերադառնում եմ տուն.