Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՍՆՈ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Սարալանջի մամռոտ ժայռին
Մեջքը հենած լեռնցին
Հրացայտ աչերն շուրջ հածելով՝
Դիտում է ձորն և ուղին.
Ինչպես մի վագր, որին գաղտուկ
Նետահարել է որսորդ՝
Նա կատաղած՝ յուր թշնամուն
Է որոնում սրտատրոփ։

Հին քաջերի սերունդ է նա,
Սասնո լեռանց ընտանի,
Հայացքն ահեղ, հասակն հսկա,
Բազուկն առյուծ կվանի։

Բայց այդ բազկով նա քիչ առաջ
Մաճ էր բռնում, հերկում էր,
Եվ իր հարսի սիրով վառված
Գողտր ու անուշ երգում էր։

Սիրտը հանգիստ, հոգին զվարթ։
Միակ հոգսն էր այդ ժամուն,
Շուտ գործերից լինել ազատ,
Գիրկը վազել ամուսնուն։