Բարևիր սիրով—Ղումալ բաջուն և ասա գալդ հազար բարի, բարով գյալաջադ էլ ամեն քեզ Թաֆլիս բերի, որ ըտընենց ղնջջաղ է։
Իմ սիրելի և աննման Ոսկի.
Անցյալ անգամ մի նամակ եմ գրել քեզ զայրացած տրամադրությամբ, իսկ այժմ գրում եմ կատարելապես զղջացած։ Ով գիտե գուցե իմ այդ նամակը քեզ տխրեցրել է, կամ գուցե ոչ. այսուամենայնիվ ես հավատում եմ, թե դու կարող էիր նեղանալ։ Իհարկե, թե դու կարողանաս մտնել իմ դրությանը, որ խիստ աննախանձելի է, այն ժամանակ կհամոզվես, որ ես իրավունք ունեմ քեզանից պահանջներ անելու։ Այդ պահանջներն էլ շատ ընդարձակ չեն. մի քիչ ավելի երկար նամակ—ահա այս է իմ բոլոր պահանջը։ Եվ մի՞թե անփթություն չէ, թե դու նրանից էլ զրկես ինձ, քանի որ գիտես, բոլոր նեղություն, ձանձրույթ, հոգեկան անձուկ ես համբերությամբ կրում եմ հենց այն մեկ վայրկենին համար, որ քո նամակը պիտի ստանամ․ և ինչ պիտի լինի իմ դրությունը, երբ՝ ես հուսախաբ վերադառնում եմ տանջարանը։ Թեպետ շնորհիվ իմ երևակայության, որ խիստ բուռն է և լավատես, ես կարողանում եմ հագեցնել քո վերաբերությամբ ունեցած կարոտը, բայց և այնպես, թե մերթ ընդ մերթ նոր նյութ չավելացվի այդ երևակայության կրակի վերա, նա կհանգչի, և իմ հոգին, որ այդ երևակայության կրակի լուսով է քեզ տեսնում, դիտում, հիանում քեզմով, պաշտում քեզ, նա, այդ ցնորքների աշխարհում ապրող և ցնորքներով կերակրվող հոգին՝ կկուրանա խավարի մեջ, կզրկվի քո տեսությունից և կամաց-կամաց կմաշվի։
Միթե համաձայն չես դու իմ ասածների հետ.—իհարկե, համաձայն ես։ Ուրեմն կներես իմ անցյալ անգամի անհամբույր տրամադրությունս։
Ճշմարիտն ասած, այս վերջին օրերի դրությունս շատ անտանելի է, ես նմանում եմ մի մարդու, ոը շատ շտապ