Էջ:Muratsan, vol. 7.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամ կիրճերում դարան մտիր,
ճամփա մի տար թուրքերին։
Քո ետևից ես կբերեմ
Վառոդ, գնդակ, հրացան,
Գնա, իմ քաջ, հզոր բազկիդ
Սուրբ Հովհաննես պահապան…»։

Լեռնցու սիրտն զգացվեցավ,
Գրկեց յուր գողտր ամուսին,
Շրթանցը ջերմ համբույր տվավ,
Զենքերն առավ յուր ուսին։

—«Մի վրդովվիր, սիրունս Ալմո,
Թուրք մոտ չի գալ մեր դեղին,
Քանի դեռ չի մեռել Ավո
Եվ կտիրե յուր բազկին։
Հետ դարձիր դու, նստիր մեր հյուղ,
Վառոդը թող բերե լաճ,
Սիրտդ պահե դեռ աներկյուղ,
Մեզի կօգնե Հայոց Խաչ։
Բայց թե մեզի նա խռովի
Եվ հաջողե թշնամուն,
Այն ժամանակ էլ ոչ ոքի
Հույս մի կապիր հաստատուն։
Հենց որ տեսար թե թուրք հասավ
Մեր արտերի սահմանին,
Գիտցիր, որ քո Ավոն մեռավ,
Վերք առնելով խոր կրծքին.
Ա՛յն ժամանակ ելիր տնեն
Ձեռքդ առած իմ դաշույն,
Հարված տուր և հարված ստացի՛ր,
Բայց մի մատնվիր թշնամուն։
Թող նա մաս մաս քեզ հոշոտե,
Բայց երբեք չպարծենա
Թե բռնությամբ նա տիրել է
Մի սասունցի աղջկա…»։