Էջ:Muratsan, vol. 7.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոստ սպասելուց հետո. ուրեմն 7 փոստի մեջ մի նամակ. շնորհակալ եմ։ Ես շատ դառնացած նամակ պիտի գրեի, բայց որ քո սուրբ գնալու խնդիրը մեջ տեղ կա, որտեղից չգիտեմ ինչպես ես վերադարձել, այդ բանը դեռ ճնշում է սիրտս. վախենում եմ, թե մի բան չլինի պատահած: Ախր չէ որ կիրակի երեկո վերադառնալով գոնե երեքշաբթի նամակ կարող էիր գրել, որ ես երեկ֊հինգշաբաթ ստանայի։ Վերջապես չգիտեմ. շատ մտատանջության մեջ եմ. վաղը անպատճառ նամակ եմ սպասում։ Սրանով իմ 6 նամակին պատասխան՝ կամ ստացման լուր չունեմ։

Կաթի համար բժիշկ Բաբովից հարցրի. «Ամենևին, ամենևին, ասաց, նույնիսկ եթե կովի ծծից ուղղակի ծծե, դարձյալ վնասակար է. այժմյան բժշկությունը բոլորովին արգելում է հում կաթ խմել. նորակիթ լինի, թեկուզ ինչ ուզում է լինի. կաթը օգտավետ է միայն այն դեպքում, երբ նա շատ լավ, այսինքն՝ մի քանի անգամ եփ տված Է»։ Ուրեմն ես սխալ չեմ գրել։ Իմ գալս կլինի օգոստոսի 15-ին անպատճառ։ Բարովի դեղերիցն է, թե եղանակից, մի փոքր անհանգիստ եմ զգում ինձ. շոգը շատ լղարացրել է ինձ, որովհետև ուղղակի օդը կանգնած է և շատ էլ անառողջ, որովհետև ցերեկով սաղ օրը քրտնած ես, երեկոյան էլ ցրտում է ուզրւմ ես դուրս գաս մի փոքր հովանաս, մրսում ես։ Մտադիր եմ մինչև սեպտեմբեր 15-ն այդտեղ անցկացնել, տեսնենք։ Բայց, դրուստն ասած, ինձ համար շատ ծանր է ուրիշի դուռը գալ. սա, իհարկե, մի նախապաշարմունք է, բայց այն ազնիվ նախապաշարմունքներից՝ որոնք բուն հայրենասիրության հիմքերին են ծառայում։ Մախլաս։

Ամսույս 17-ի գիշերը Կոստանդին պսակում ենք. ինձ խաչեղբայրության առաջարկեցին, բայց չընդունեցի, քո բացակայությունը պատճառելով. և արդարև միայն այդ պատճառով, որովհետև առանց քեզ հարսանիք գնալն անգամ ծանր է ինձ համար, ուր մնաց խաչեղբայր լինելն։ Բայց, թե դու այստեղ լինեիր, անպատճառ կընդունեի, որովհետև Կոստանդը պատվական տղա է։

Որ հազար ու մի հարցերս անպատասխան են, էլ ինչ գրեմ քեզ. տեղը մի հետաքրքիր նորություն չկա։ Ընդունիր