Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, ինքն ըստ ինքյան, ծիծաղելի հարցին էր նվիրված։ Ափսոս ժամանակ, որ ես իմ կողմից և դու քո կողմից գործ ենք դրել միմյանց բացատրություններ գրել։ Դեռ վերջին նամակումդ է, երբ իմ 4-ի նամակը հիշում ես, տակը խազ ես քաշում… Թե կգամ ես քեզ շհանց կտամ, սպասիր: Կատակներ անելու միակ և սիրելի աղբյուրը չորացրել ես, էլ չգիտեմ ինչ բանից սկսեմ, որ քեզ մի փոքր ծիծաղացնեմ։ Մախլաս, սիրտս շատ կոտրեցիր։ Սպասում եմ, որ մի երկար և փառավոր մեղայական գրես, թե չգրեցիր, իմաց որ հետդ չեմ հաշտվիլ։

Այժմ, մինչև գալս, ինձ մնում է խնդրել քեզ, որ շատ ուրախ կենաս, ամեն օր ծիծաղես, խնդաս ու պարես։ Հենց որ եկա իմ միակ գործս պիտի լինի երկու ձի վարձել ու սարերն ու ձորերը չափել։ Կարգադրիր այժմյանից, որ մեր փեշերից կախ ընկնողներ չլինեն. ոչ ոքին չեմ ընդունիլ, ոչ ոքին (այս որ մամին մոտ կարդաս, կասի, բալամ, էն ինձ համար ա ասում, թեզնա յուրանցին հունց կարա խոսք ասի)։ Հա, սիրտս, շատ է քեզ քաշում, շատ. հիմա, որ հեռու ես, այնքան շատ դատարկություն եմ գտնում շուրջս, որ էլ չեմ կարող ասել։ Կարծում եմ, թե աշխարհը չորս անգամ ավելի է մեծացել և ութ անգամ ավելի դատարկությամբ լցվել շտապեմ, շտապեմ, խեղդվոմ եմ հենց դատարկության մթնոլորտից.

Քո Գրիգոր

Սիրելիս, Ժամ 5֊ից սկսած մինչ այժմ, որ արդեն 8֊ն է, շան պես չարչարվեցա. մեծ սունդուկում եղած բոլոր թղթերն քրքրեցի, նավթալինի և կանֆարի հոտը 3 ժամ կուլ տալով, ամեն մի մանր թղթի պատառն էլ, թղթերի ղաթերն էլ, տետրակների կազմերն էլ, բայց, ոչ Հաթամի տված 1000 ռուբլուց լիստը գտի և ոչ էլ՝ ուրիշ լիստեր դրանց փոխարեն ներփակյալ թղթիկը գտի, որից կիմանաք, թե ինչ շան չարչարանք եմ քաշել 100 տարվա ոչնչությունները քրքրելով։ Բայց չկա ու չկա։ Միայն Խաչատրյանցի 240 ռուբլուց մի իսպոլնիտելնի լիստը կար 1869 թվականից, նա էլ չարժեր ղրկել: