է, Երեխան զարթնում է և դու, և դու «իմ ջգրու» թողնում ես նամակը և նրա փոխարեն՝ շտապում ես երեխայի հետ խաղալու և հետո միասին քնելու…
Այսպես, ուրեմն... Բայց մի՞թե իմ այդ նամակը այդքան վիրավորող, տխրեցնող է եղել, չեմ հասկանում, չեմ հիշում... Ասա հոգիս, մի՞թե ես մի այնպիսի բան եմ գրել, որ քեզ վրդովել է. գուցե... բայց ես չեմ հիշում, թե այդպես բան կա, ներիր ինձ... իսկ թե դժգոհ ես նրանով, որ այդ անգամ ուրիշների նման եմ քեզ նամակ գրել և ոչ բանաստեղծական vericte-ներով , այդ էլ ոգևորված կամ վաստակած տրամադրության վերագրելու է։ Պատահում են ժամեր, երբ ես հոգվով և սրտով նվիրված եմ քեզ և ժամեր՝ երբ ես հոգնած՝ ամեն բանից երես եմ դարձնում, և բանաստեղծությունը այդ միջոցին հազար փարսախներով հեռու է փախչում ինձանից։
Ինչ հարկավոր է, որ դու իմ նամակում կարդաս անպատճառ իմ զգացումները. ես երբեմն նրանց գրում եմ և նկարագրում ոչ թե նրա համար, որ դու կարդաս, այլ որովհետև սիրտս լիքն է և զեղանում է դուրս... Եվ ինչ, մի՞թե ես կարող եմ արտահայտել հազարերորդ մասը այն հիասքանչ ոգևորության, որով լցված են ամեն օր իմ սիրտը և հոգին՝ լոկ քեզ վերա մտածելովս և քեզ երազելովս... Ամեն տեղ, ուր որ գնում եմ, ուր որ հանգստանում եմ, և մինչև անգամ այն րոպեին՝ երբ անուշարար քունը տիրում է իմ հոգնած անդամներին, դու, իմ նազելի հրեշտակս, իմ առջև կանգնած ինձ հետ խոսում ես, ինձ հետ ծիծաղում, ինձ հետ ուրախանում և ինձ հետ տխրում... Չկա մի տեղ ուր ներկա չգտնվիս դու, և մի գործ՝ որին չմասնակցես դու… Եվ, երբ ինքդ էլ գիտես, թե այս այսպես Է, արժե ուրեմն երեսիս զարնել այն թերությունները, որոնց ես անզգուշությամբ կամ լոկ կատակով փախցնում եմ գրչից հոգյակս, պետք է մի փոքր էլ դու զիջանիս. ախր «եղիոնում միշտ զոհեր չեն մատուցանում, պատահում է, որ ժողովուրդը քնում էլ է…»։
Այս այսպես։ Գանք քո հանելուկին. գրում ես՝ որ համեմատելով իմ դրությունը այդտեղ իրենց օրերը ուրախությամբ անցնողների հետ, տխրում ես. բայց մի կողմից էլ