Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է բերել ազգի և ժողովրդի գրեթե բոլոր խավերին՝ ազնվական դասին, առևտրական բուրժուազիային, մտավորականությանը, արհեստավորությանը, գյուղացիությանը, հոգևորականությանը։ Մուրացանի ստեղծագործության համար բնորոշ է նաև բազմաժանրությունը։ Նա գրել է բանաստեղծություններ, դրամա, ուղեգրություններ, ակնարկներ, վիպակներ, վեպեր, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Մուրացանը պատկանում է այն հեղինակների թվին, որոնց շատ է խանգարել Հացի խնդիրը։ Դրա ապացույցը նրա դառնացած հոգու սրտակեղեք գանգատն է. «Անցյալները մի դիպվածով (մեր առևտրական տան արխիվը կարգավորելու ժամանակ) կշտեցի այն բոլոր հաշվեգրքերը և թղթերը, որոնք ծայրեիծայր գրված էին իմ ձեռքով այս 15 տարվա ընթացքում և ցավելով տեսա, որ այդ բոլորի կշիռը մոտ 12 պուդի էր հասնում։ Իսկ եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենայական աշխատությանց փոխարեն, գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ։ Գիտե՞ք ինչ մեծ վիշտ է այդ ինձ համար»։ Սակայն այս դեռ բոչորը չէ։ Մուրացանի բեղմնավոր գրիչը առավել արգասովոր կլիներ և թողած ժառանգությունն ավելի ծանրակշիռ, եթե չխանգարեին բուրժուական քննադատության հալածանքները և անժամանակ մահը։ Մուրացանը վախճանվեց 54 տարեկան հասակում՝ 1908 թվին. (ծնվել է 1854 թվին)։ Նա իր մահկանացուն կնքեց այն ժամանակ, երբ դեռ մեծ անելիքներ ուներ, և հեռու էին սպառվելուց նրա եռանդը, ուժերն ու կարելիությունները։ Բայց խնդիրը երկարակեցությունը չէ, այլ այն, թե գրողն իր կյանքի տևողության ընթացքում ինչպիսի ծառայություն է մատուցում իր Ժողովրդին, հայրենի գրականությանն ու մշակույթի հարստացմանը։ Մուրացանը մեկն է այն մեծ գրողներից, որ չնայած իր կյանքի կարճատևությանը, մեծ գործ կատարեց և հարազատ ժողովրդին թողեց հարուստ ժառանգություն։ Մուրացանի հայ ժողովրդին նվիրված մարգարիտները ծովից չեն հանված, որ կարելի լինի գին դնել։ Նրանք ջինջ հոգու բխվածքներ են, գեղեցիկ ու բյուրեղյա Մուրացանի գործերը իր և իր ժողովրդի հոգու կենսագրություններն են, հարազատ Ժողովրդի դաժան ճակատագրի եղերերգությունը և հերոսապատումը։ Հայ ժողովրդին ծառայելը, նրա գրականության զարգացմանը նպաստելը եղել է Մուրացանի կյանքի գերագույն նպատակը: Ահա՝, թե ինչ է գրում նա այդ մասին. «Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ, իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան, լավ եմ գրել, թե վատ նրա, համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել»։ Մուրացանը լիովին հավատարիմ իր այս նշանաբանին, երկար տարիների անխոնջ աշխատանքով կերտել է բարձրարժեք գործեր, որոնք մեկընդմիշտ մտել են հայ գրականության ոսկե ֆոնդի մեջ։ Մուրացանի երկերը հագեցված են բարձր հայրենասիրությամբ և ջերմ ժողովրդասիրությամբ, Մուրացանը խոր հավատ ուներ աշխատավորության նկատմամբ և իր լավագույն հույսերը կապում էր նրա հետ։ Ազգության կենսունակության ու հզորության գրանիտյա