Էջ:Muratsan, vol. 7.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկանում էր պատժել ժամանակակից փառամոլ և ազգայնության գաղափարին անհավատարիմ ազնվականությանը։

Մուրացանի տաղանդի հզորությունը արտահայտվել է նաև երգիծելու վարպետության մեջ։ Նրա երգիծանքի թափը ավելի հուժկու ձևով դրսևորվել է «Հատուկ թղթակիցը», «Պսակների բողոք» պատմվածքներում և «Լուսավորության կենտրոնը» վեպում: Բուրժուական «լուսավորության» նկատմամը Մուրացանի ժխտական վերաբերմունքի տեսակետից լուրջ ուշադրության է արժանի «Լուսավորության կենտրոնը» վեպը։ Հայտնի է, որ այդ վեպը անավարտ է։ Լույս են տեսել միայն նրա առաջին և երկրորդ մասերը։ Հեղինակը հնարավորություն չի ունեցել այդ գործը ամբողջական ձևով դնել ընթերցողի սեղանին, որովհետև գրաքննական և այլ պատճառներ խանգարել են նրան: Իր այդ վեպում Մուրացանը ցանկացել է հանդես բերել այն ժամանակվա գործիչներին, ցույց տալ բուրժուական լուսավորության էությունը, գտնել ու լուծել այն հարցը, «թե ո՞ր աստիճան իրավունք ունինք մենք այժմ մեզ լուսավոր, զարգացած ու քաղաքակիրթ անվանելու, կամ թե, որքա՞ն շատ են մեր մեջ նրանք, որոնց սովոր ենք «Ազնիվ գործողներ» անվանելու և նրանցով պարծենալու»։ «Լուսավորոլթյան կենտրոնը» վեպում հեղինակը պսակազերծել է այն եսապաշտ գործիչներին, որոնք ազգասերի դիմակ են հագել և հրապարակ մտել, որպես լուսավորության «առաքյալներ», քաղաքակրթված ու զարգացած մարդիկ և վայելում են հեղինակություն ու համարվում «ազնիվ գործիչներ»։ Այդ վեպում արծարծված է նաև այն հարցը, որ պետք է արժանվույն գնահատել ազնիվ, ժողովրդի լուսավորության համար ջանասիրությամբ գործող այն գործիչներին, որոնք մոռացության են տրված։ «Լուսավորության կենտրոնը» վեպում շեշտը դրված է անձնուրաց հայրենասիրության և անեղծ լուսավորության զարգացման անհրաժեշտության հարցի վրա։ Հեղինակը «լուսավորության կենտրոն» ասելով նկատի է ունեցել անցյալ դարի 80֊ական թվականների անդրկովկասյան կենտրոնը` Թիֆլիս քաղաքը։ Վեպում խիստ քննադատված են լիբերալ բուրժուական մամուլը, նրա գրիչներն ու գրչակները, թեև քննադատությունը իր բնույթով «ծպտյալ է», բայց ակնարկությունները թափանցիկ են և ըմբռնելի։

Կարևոր խնդիրներից մեկը, որ շոշափված է այդ վեպում, կանանց հարցն է։ Շեշտը դրված է կնոջ բարոյական մաքրությունը անաղարտ պահելու հանգամանքի վրա։ Վիպասանը մտահոգված է այն բանով, որ հայ կինը չենթարկվի կեղծ լուսավորության ու քաղաքակրթության գայթակղիչ ազդեցությանը, պահպանի իր պարկեշտությունը, կրթվի ու դաստիարակվի որպես առաքինի մայր և հայրենիքի հայրենասեր դուստր։ Վեպի կերպարները կերտված են հակադրության մեթոդով. ուստի և ծայրահեղ սիրված ու չափազանցված են, դրա վառ արտահայտությունը Սարյանն ու Մոմջյանն են: Նրանք հակաբևեռներ են։ Սարյանը խիստ դրական է, իսկ Մոմջյանը միանգամայն բացասական։ Կապիտալիստական քաղաքի կյանքը պատկերելիս Մուրացանը իր դեմոկրատական աշխարհայացքի մեջ եղած հակասություններից, որոնք պայմանավորված էին դարաշրջանի ընդհանուր