Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակասություններով, ձերբազատվել չկարողանալու պատճառով ի վիճակի չեղավ ընկալել պատմական պարզացման օրինաչափությունը, չնկատեց կապիտալի զարգացումը և չտեսավ նրա գերեզմանափորին` պրոլետարիատին և չգիտակցեց նրա դերը: Սակայն Մուրացանին բնորոշողր, նրա ստեղծագործության գնահատման չափանիշը դրանով չէ, որ պետք է պայմանավորվի, այլ պատմական ծառայությունների գնահատման լենինյան ցուցումով, ըստ որի` պատմական գործիչներին չեն գնահատում նրանով, թե նրանք ինչ չեն արել այսօրվա պահանջների տեսակետից, այլ նրանով, թե ինչ են նրանք արել իրենց նախորդների համեմատությամբ:

Քաղաքի մակաբույծ դասերին և դասակարգերին Մուրացանը հակադրել է աշխատավոր գյուղացիությանը։ Մուրացանի ջերմ ժողովրդասիրությունը ուղեցույց պետք է ծառայի նրա ստեղծագործությունը գնահատելու համար : Քաղաքը պատկերող գործերում իսկ ակնառու է Մուրացանի հակումն նախասիրությունը գյուղի նկատմամբ: Նահապետական կյանքում եղած լավագույնի դրվատանքը որպես հակադրություն և հակակշիռ քաղաքում գոյություն ունեցող վատի ու քստմնելիի, այդ է Մուրացանի մոտեցման բուն ելակետը: «Խորհրդավոր միանձնուհի», «Նոյի ագռավը» և «Առաքյալը» գրվածքներում վիպասանը բազմակողմանի և խորունկ կերպով քննության է առել գյուղացիության ճակատագրի հարցերը: Հայ նշանավոր բոլոր գրողներին խորապես զբաղեցրել է գյուղացիության խնդիրը: Մուրացանը պատկանում է այն գրողների թվին, որոնց ստեղծագործություններում գյուղի և գյուղացիության պրոբլեմը քննարկված է ազգայնության գաղափարի առաջնայնության տեսանկյունով. Եվ այդ պատահական չէ: Որովհետև պատմական դաժան ճակատագիրը համառ հարատևությամբ ուղեկցել է հայ ժողովրդի գոյատևմանը և պատճառ դարձել այն բանի, որ համազգային գրականության և մշակույթի մեջ` արտաքին ճնշման դեմ պայքարելու անհրաժեշտությունը ընդգծի հատուկ ուժով: Պատմական զարգացման և ազգային կյանքի այդ բնորոշ յուրահատկությունր պայմանավորել է օտարի լծից ազատագրվելու գաղափարախոսության առաջնությունը հայ գրականության մեջ: Գյուղագրական գործերում հեղինակը նկարագրել է «կորած հայ գյուղը» և այնտեղ ապրող ու գործող աշխատավորական լայն զանգվածների կյանքը, շեշտը դնելով այդ կյանքի ստվերոտ և հոռի կողմերի վրա։ Գյուղը Մուրացանի ուշադրության կենտրոնումն է, որովհետև նրա համոզմամբ «քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես և ազգի կենդանության ուժ տվողը` գյուղացին: Գյուղացու հոգին անաղարտ է, զգացումները անեղծ, ազգային ու բարոյական նկարագիրը անբասիր, նա ապրում է նահապետական պարզ կյանքով, բայց տանջվում է հետամնացության ճիրաններում: Տգիտությունը ծանր քարի նման փակել է գյուղացու առաջընթացի ճանապարհը: Գյուղը խարխափում է համատարած խավարի մեջ, բայց նրա մասին մտածող չկա: «Գործողները» քար անտարբերությամբ են վերաբերվում գյուղացիությանը, ուստի և նրանց չի մտահոգում այն, որ տգիտությունը շարունակում է իր կործանարար դերը և խլուրդի նման քանդում է այն ամեն նվիրականը,