Էջ:Muratsan, vol. 7.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գեղեցիկը, որ ստեղծվել է երկարատև պատմական Ժամանակաշրջանում ։ Աննայի ուսուցիչ Գարեգինը իր դաստիարակյալին գյուղում գործելու պատվիրան տալիս հատուկ ուշադրության է արժանացնում ժողովրդի բարօրության և նրա «մանկանց—» կրթության գործը։ Աննան իր ուսուցչից ստացած պատգամի մասին ասում է, որ նա հանձնարարեց «...գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում է, հանգչում է կենդանության ուժը. գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած՝ քանդում է, ավերում է՝ ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի: Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրան ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար»։

Հետևությունը պարզ է, «գործողները» պետք է նկատի ունենան անցյալի դասերը, խույս տան սխալներից, մերժեն պատմության մոխիրը, բայց ջերմանան նրա բոցով ու եռանդուն գործեն հօգուտ ներկայի։ Գործողների համար գյուղում ասպարեզ կա ըստ Մուրացանի, բայց բացակայում է անձնվիրությունը։ Եթե գործողները վառվեն հայրենի ժողովրդին ծառայելու ջերմ սիրով, հանդես բերեն կամքի ուժ և անձնվիրություն, նրանք կկարողանան լուրջ գործեր կատարել։ Քույր Աննայի մասին ասված է, որ նա անվերապահորեն իր ուժերը տրամադրելով «հասարակաց բարվույն», ապացուցել է, որ իր նման «մի քանի տասնյակ գործիչներ» ունենալու դեպքում հնարավոր կդառնար մինչև իսկ լեռներ շարժել և կասեցնել գետերի ընթացքը։

Վիպասանը հավատարիմ իր այս հավատամքին՝ «Խորհրդավոր միանձնուհի» վիպակում պատկերել է իր եսը մոռացած, ժողովրդի առաջընթացի ու երջանկության համար գործող քույր Աննայի գործունեությանը և նրա տված քաղցր պտուղները։ Քույր Աննան պատահական անձնավորություն չէ, այլ «վաթսունականներից» մեկը. այդ մասին ուղղակի ասված է. «Քույը Աննայի մեռնելով մենք կորցնում էինք մինն այն գերազանց ուժերից, որոնք ծնունդ էին առել վաթսունական թվականներին, որոնց սակայն արժանավոր հետևորդներ չգտնվեցին մինչև այսօր։ Սա մի անդառնալի կորուստ էր...»։

Քույր Աննայի «գերազանց ուժերից» մեկը լինելու հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի այն տեսակետից, որ դրանով իսկ հեղինակը անսքող կերպով արտահայտել է իր համակրական ջերմ վերաբերմունքը վաթսունականների նկատմամբ և ընդգծել նրանց նվիրվածությունը ժողովրդին: Այս փաստի լույսի տակ չի կարելի ուշադրության չարժանացնել վիպակում այլաբանական երանգներով, պատմական զուգահեռների անցկացման եղանակով ու թերացումների ձևով արտահայտված մի շարք մտքեր, որոնք վերաբերում են «ժանտ ձմռան», «մահաշունչ բնության», «հափշտակիչ թռչունների» ցորենի հատիկը հողից հանելուն և այլն։

Մուրացանի հայեցակետով «ով որ կամենում է ազգի կենդանությունը