«Երբ քույր Աննան ասում է մի խոսք, այդ խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես որ լսում եք, որովհետև նրա այոն այո է և ոչ-ն` ոչ»: Թե որքան շատ են սիրում գյուղացիները քույր Աննային, ցույց է տալիս նաև այն, որ գյուղացիք պատրաստ են հրաժարվելու մեծարժեք բաներից, բայց ոչ նրանից։ «Եթե նրան (ժողովրդին— Մ.Հ.) հարցնելու լինեն քույր Աննայից կուզես զրկվիլ թե քո ստացվածքից, նա ուրախությամբ վերջինը կընտրե:
Մուրացանի կողմից քույր Աննայի անձնվեր գործունեության դրվատանքը միաժամանակ հետապնդում է եսապաշտ տարրերի ձաղկման նպատակը։ Մուրացանը անողոք է այն մտավորականների հանդեպ, որոնք հանրայինը մղում են երկրորդ պլանի վրա, իսկ սեփական շահը գերադասում նրանից և կղզիանում են փափկակեցության դղյակում, մոռանում ժողովրդին, խարբում իրենց հաջողություններով ու սնապարծորեն անձնատուր լինում վայելքներին ու շռայլ կյանքին և դառնում հոգով աղքատ, չորաբեկ մարդիկ։ Ստրկահոգի, ժողովրդի ճակատագրին անտարբեր, դժվարություններից խուսափող, զրկանքներից երկչող, փառամոլ, բայց ազգասիրության ու ժողովրդասիրության քղամիդ հագած տարրերին Մուրացանը խարազանել է անողոքությամբ, այդպիսիներին համարելով «Նոյի ագռավներ»։
Գրական քննադատության մեջ առավելապես պաշտպանվել է այն տեսակետը, որ «Խորհրդավոր միանձնուհի» վիպակում նկարագրված է գալիք գյուղը, ապագան է ներկայացված։ Մինչդեռ այդպես չէ: Գյուղացիության թշվառ վիճակի մասին վիպակում շեշտված է, որ նա «կազմված է կարիքներից»։ Ավելացնենք նաև այն, որ նույն ստեղծագործության մեջ հստակ ձևով հիշատակված է և այն, որ «հեռվից դիտողը այնպես է կարծում թե` գյուղացին սովորած լինելով պարզ ու անպաճույճ կյանքի, շատ աննշան էլ կարիքներ ունի, թե նա միշտ գոհ է իր վիճակից և թե, առհասարակ, նրան շատ քիչ բան է պակասում։ Մի բան ճշմարիտ է, այն, որ գյուղացին տրտնջալու և ամեն անցորդի յուր ցավը պատմելու սովորություն չունի։ Նա գլխակոր և անմռունչ աշխատում է, ինչպես և յուր անասունը»։ Այս սրտակեղեք տողերից պարզ երևում է, որ անհերքելի ճշմարտությունն այն է, թե որքան ծանրատար է գյուղացու վիճակը և որքան շատ են ու մեծ նրա կարիքները։ Իհարկե «Խորհրդավոր միանձնուհի» վիպակում չի ամբողջացված հայ գյուղի իրական ամբողջական պատկերը։ Այդ բանն իր խորունկ ու համակողմանի դրսևորումը գտել է «Նոյի ագռավը» և «Առաքյալը» գործերում։ Եվ այդ բացատրվում է նրանով, որ Մուրացանը հիշատակված վերջին երկու գործերում ցանկացել է բարձրացնել այն հարցը, որ հայ գյուղը վերածվել է «ավերանոցի» և մատնվել բախտի քմահաճույքին, որովհետև այլևս հրապարակի վրա չկան քույր Աննան ու նրա ուսուցիչը՝ Գարեգինը և նրանց փոխարինում են երախտամոռ «Նոյի ագռավները»։ Բայց գյուղի այդպիսի վիճակը Մուրացանը միայն նշված հանգամանքով չի բացատրում։
«Խորհրդավոր միանձնուհի» վիպակում անձնազոհ գործչի միջոցով