Էջ:Muratsan, vol. 7.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղը վերածվել է դրախտի։ Այդօրինակ վերափոխման դյութական գավազանը Աննայի հայրենանվեր ազնիվ ջանքերով ստեղծված լուսավորությունն է' կրթության գործի հաստատուն հիմքերի վրա դնելը և եկեղեցու բարեկարգումը։ Աներկբայելի է, որ այդպիսի վերափոխումը ռոմանտիկական է, միանգամայն անհամոզիչ, պատմական զարգացման օրինաչափություններին ներհակ անհարիր, այլ լոկ հեղինակի իդեալիստական պատմահայեցողության արգասիք։ Բայց դրականը և ընդունելին Մորացանի բաղձանքն է՝ ժողովրդին բարօրության, լուսավորության և ազատության թագավորության մեջ տեսնելու երազանքը, գոյություն ունեցող գեհենի կործանումը, հայ գյուղի շենացումն ու բարօրացումը և լուսավորոթյան ճանապարհ դուրս բերելը: Մուրացանը խորաթափանց կերպով ճանաչելով կյանքը, գյուղացուն իր բոլոր ցավերով ու գրկանքներով հանգեց այն եզրակացության, որ իր երազն անիրագործելի է, որովհետև բազում են խոչընդոտներն ու խանգարիչ պայմանները: Սակայն, չնայած դրան, նա հավատում էր այգաբացին և միաժամանակ համակված այդ այգաբացը չտեսնելու բուռն ափսոսանքով և մտավախությամբ։ Նրա այդպիսի խոհերի և ըղձանքի մասին է վկայում սիմվոլիկ այս պատկերը. «Բնությունն էլ, կարծես, թուլացել, կորցրել է առույգությունը... բայց ինչո՞ւ նրա այդ տկարության մեջ մենք դարձյալ գրավիչ մի բան ենք տեսնում, ինչո՞ւ այնքան սիրով նայում ենք նրա հանգչող կենդանությսւն վրա... ինձ թվում է, թե այն պատճառով, որ հավատացած ենք թե՝ նա չի մեռնելու, թե նրա կենդանությունը ոչ թե սպառվում, այլ հանգստանում է նոր ուժ առնելու, նորեն վերածնելու, նորեն ստեղծագործելու համար։ Հավատացած ենք, թե ամեն ինչ սառեցնող և մահացնող ձմեռը չի կարող սպանել բնության գեղեցկությունը, թե ցրտաշունչ եղանակին կհաջորդի գարունը՝ յուր ջերմացնող արևով, յուր ծաղիկներով, որ առատորեն ամեն կողմ սփռելով կպճնե, կզարդարե մարգն ու մարմանդը, դաշտն ու բլուրը, լեռն ու քարափը և… Մոռացնել կտա մարդկանց ժանտ ձմռան գոյությունը, նրա ցուրտն ու սառույցը, նրա մահաշունչ բնությունը, նրա արևն ու հովերը, նրա կանաչն ու ծաղիկները, էլ իմ աչքերը չեն պարուրելու... Բայց, ախ, ինչպես կկամենայի ապրել, նորեն ուժ առնել, նորեն առույգանալ, նորեն աշխատել, տքնել, ե գարնան բարիքներով իմ ջանքերը պսակել... Ինչո՞ւ, ինչո՞ւ բնությունից դասեր չենք առնում, ինչո՞ւ նրա հարազատ ծնողները լինելով, նրա ցույց տված օրինակներով չենք ոգևորվում ու թույլ ենք տալիս, որ վհատությունը տիրե մեր հոգուն, գերե մեր սրտերը, սպանե թանկագին տենչերն ու իղձերը... Չէ որ գիտենք, թե՝ մահաշունչ ձմռան հաջորդում է միշտ կենսաբեր գարունը, չէ՞ որ սա արդեն հավիտենական ճշմարտություն է...»։

Մուրացանն «Խորհրդավոր միանձնուհին» գրել է 1884—85 թվականներին՝ հայ ազգային մշակույթի և ազատագրական ընդվզումների դեմ ցարիզմի սանձազերծած վայրագությունների՝ հայկական դպրոցների փակման, մայրենի լեզվի ե պատմության դասավանդման արգելման մահաշունչ մթնոլորտում և ընդդեմ այդ ճնշումների ու հալածանքների։ Ցարիզմի