Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

lավագույնը, ինչ որ անհրաժեշտ է հայրենիքին անձնազոհ ծառայություն մատուցելու համար և սեփական երջանկությունը կատարյալ դարձնելու համար : Իսկ Աշոտ Երկաթի ընտանիքում թուխս է դրել ամուսնական անհավատարմությունը։ Աշոտի՝ ընտանիքի պատվի դեմ կատարած մեղանչումը պատճառ է դարձել դժբախտությունների և հայրենիքի պաշտպանների միաբանության խախտման ու երկպառակությունների: Եզրակացությունը պարզ է: Հայ արքունական և իշխանական ընտանիքները, և ոչ միայն դրանք, հայկական ընտանիքը պետք է այնպիսին լինի, ինչպիսին է Գևորգ Մարզպետունու ընտանիքը։ Այս է Մուրացանի՝ ժողովրդասեր և հայրենանվեր գրողի տենչանքը, պատգամը։ Եվ այդ պատահական չէ, որ նա այսքան սրում է պատմական անձնավորության՝ Աշոտ Երկաթի ընտանեկան կյանքի դրաման։ Նա այդ հարցը սրում է նկատի ունենալով ցարիզմի և սուլթանիզմի ասիմիլատորական քաղաքականության պայմաններում հայկական ընտանիքի ամրապնդման անհրաժեշտությունը և հարցի համազգային նշանակությունը։ Մարզպետունի անհատը ամենևին չի հակադրված ժողովրդին և ոչ էլ վեր է դասված նրանից։ Նա թե զինվորի և թե սպարապետի իր պարտքը կատարում է հանուն ժողովրդի և հայրենիքի անկախության և ազատության։ Նա ժողովրդի հայրենասիրական պատվերի կատարողն է, ուստի սիրված զավակ։ Մարզպետունին բուրումնալից ծաղիկ է, մի ծաղիկ, սակայն որը չի բուսել անմատչելի ժայռի ինչ-որ փորվածքի վրա և ոչ էլ քարաբեկորի, այլ աճեցված է ժողովրդի մշակած բուրաստանում և շնորհիվ այդ բանի, խիստ բուրավետ է, դիմացկուն, խորշակահար և հողմահար չի լինում, որովհետև նրան խնամում է և պահպանում ժողովուրդը, այն շրջապատված է ժողովրդի ուշադրությամբ նրան վտանգներից պահպանում և հովանավորում է ժողովուրդը, այդ իսկ պատճառով նա անթոշնելի և անխոցելի է։

Գրական քննադատության մեջ քիչ չի շեշտվել այն հանգամանքը, որ այդ ծաղիկը շատ է գերագնահատված և հեղինակը կշտամբվել է այն բանում, որ իբրև թե ծայրահեղորեն չափազանցրել է Գևորգ Մարզպետունու դերը, զանց առնելով մինչև անգամ լույսի ստվերը, այսինքն` Մարզպետունուն դուրս է բերել անզուգական էակ, առանց որևէ թերության, միանգամայն անբիծ և հաղթությունը վերագրել է նրա անձնազոհությանը ոչ քաջագործությանը։ Ապա և այն կշտամբանքը, որ այդպիսի մոտեցման հետևանքով որպես թե թերագնահատվել է ժողովրդի դերը: Վերև բերված փաստերը խոսում են ընդդեմ այդ կարծիքի։ Ամենից առաջ նկատենք, որ Գևորգ Մարզպետունին հակադրված է կենտրոնախույս ուժերի պարագլուխներին՝ Սահակ Սևադային, Ցլիկ Ամրամին, որոնք աջակից են թշնամիներին և գործում են ազգային պետություն և պետականություն ստեղծելու դեմ։ Մարզպետունին ամենաչնչին իսկ չափով հետամուտ չի անձնական փառքի, նրա սևեռուն նպատակը հայրենիքի պաշտպանությունն ու ամրապնդումն է, հայրենի երկիրը հագարացիներից ազատագրելը։ Կռվելով հագարացիների դեմ, Մարզպետունին հետամուտ