Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակում էր կրել իր տերտերական մորուքը և ամեն գերրեզմանօրհնեքին վազում էր գերեզմանատուն գերեզմաններ օրհնելու, պահանջված դեպքումն էլ, որ շատ քիչ էր պատահում, մեռել թաղելու։

Մի անգամ Դավիթ Ֆոմիչը դռնապան Պողոսի բերանով թել ու ասեղ էր խնդրել կնոջիցս։ Երբ Պողոսին հարցրի, թե Դավիթ Ֆոմիչը ի՞նչ էր անում թել ու ասեղը, պատասխանեց, թե ուզում է վարտիքի կոճակը կարել։

— Ես թելեցի ասեղը,— ասաց նա,— աչքերը կտրում չի։ Լափ գնացել ա ձեռքից։ Հա՛խն ա,— ավելացրեց Պողոսը սրտանց,— խի՞ էր օղլուշաղը զագրանիցա ճամփում, բալշևիկնին հու ուտելու չէի՞ն նրանց. որտեղ ինքը, ընտեղ էլ նրանք։ Հըմի լավ ա՞, որ մին կոճակ կարող էլ չունի, բայղուշի պես մենակ նստած ա մնացել տանը։ Փիս մարդ էր, փիս էլ վերջացնում ա իր օրերը։ Քսան տարի իր դռան շունն էր արել ինձ, տվածը մի զադ չէր, ինչքան խնդրում ի, որ մին օթախ տա, օղլուշաղս հանեմ պադվալից՝ մեջը կենան, արևի լիս տեսնան, տվավ ոչ, թե՝ քու ըրեխանց ղալմաղալի գլուխ չունեմ։ Հըմի լավ իրան հանեցին բերին մկան ծակուռը կոխեցին։ Դե թող հըմի գնա մեզպեսների ղադրը իմանա։ Համա ի՞նչ, անցածը անցած ա. հըմի որ տեսնում եմ նրան էն հավաբնում կուչ եկած, խեղճս գալիս ա։ Մին֊մին վախտ հաց ա ուզում, տալիս եմ։ Հացի կնիժկա չունի։

— Մի՞թե մինչև անգամ հացի փող չունի,— զարմացա ես։

— Է՜, ի՞նչ ես ասում, վարժապետ ջան. ունի, ո՞նց կարա չունենա։ Ասած ա՝ ուղտը ինչքան էլ որ սատկի, կաշին էլի մի իշաբեռ դուրս կգա։

— Բա էդ ո՞նց է, որ հացը քեզնից է ուզում։

— Որ ասի, թե տեսեք, բալշևիկնին ինչ օրի են հասցրել խեղճ հալևորիս։ Շատ զալում քավթառ ա, որ ասիլ չի ուզի։

Դավիթ Ֆոմիչը կամաց-կամաց նշաններ էր ցույց տալիս ինձ մոտենալու, այն Դավիթ Ֆոմիչը, որ առաջ հազիվ էր լայեղ անում բարև տալ աղքատ վարժապետիս։ Սկզբում, առավելապես ցուրտ և անձրևային եղանակներին, երբ տեղ չուներ գնալու, երեկոները մտնում էր ինձ մոտ տաքանալու և ժամանակ անցկացնելու համար։ Մնում էր ժամերով, գանգատվում