Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական չէ այդ— մի սարսափելի տգեղ աղջկա հետ, որին յուրաքանչյուր անգամ տեսնելիս զզվանք է պատճառում մարդու, որի գգվանքների, գրկախառնության, համբույրների ժամանակ զգում ես, թե գարշելի, լպրծուն գորտեր և օձեր են սողում մարմնիդ վերայով փոխանակ այն թովիչ երջանկության, քաղցրության, որ մարդ պետք է զգա այդպիսի ժամանակներում... Վա՛հ, այս երա՞զ է, թե իրականություն... Ես այդ աղջկա մեջ ի՞նչ գտա, որ հավանեցի, որ ինձ կին առա... Ո՞ւր էր խելքս, խոհականությունս, վերջապես աչքեր չունեի՞, չէի՞ տեսնում, որ այդ աղջիկն ամենաանճոռնին էր... Թե՞ նրանք ինձ կախարդեցին... մի՞թե աղա Գրիգոր Մոսեիչի կարողությունը նրա համար ձեռք բերի, որ այժմ այսպես ես մի րոպե անգամ հանգստություն չունենամ... Մի՞թե վատ կյանք էի վարում. մի՞թե դրությունս լավ չէր այն ժամանակ, երբ ես ապրում էի աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, երբ ստանում էի նրանից շաբաթական հիսուն ռուբլի անպակաս ռոճիկը և ապրում էի ինձ համար արքայի նման, ապրում էի բոլորովին հանգիստ և ազատ ամեն հոգսերից... Իսկ ա՞յժմ... Օ՜հ, ես չեմ կարող դիմանալ, ես այլևս չեմ կարող ապրել այդ աղջկա հետ, և կբաժանվեմ, անպատճառ կբաժանվեմ դրանից... Երիտասարդ լինեմ, այսքան հարստության տեր լինեմ և այսպիսի անհանգիստ, դառն կյա՞նք վարեմ... Երբե՛ք, երբե՛ք, ես ուզում եմ երջանիկ ապրել, երջանի՛կ...»։ Եվ հանկարծ Բարսեղը շանթահար կանգնեց սենյակի մեջ. «Երջանի՞կ»,— հարցրեց նա ինքն իրեն, և կրկին խորասուզվելով յուր մտքերի մեջ, աչքերը հառած գետնին, կարծես նա մի ինչ-որ աշխատում էր նորոգել յուր հիշողության մեջ... «Անմի՛տ»,— գոչեց նա վերջապես ձեռքով ուժգին ճակատին խփելով. «Բայց ինչո՞վ կարող եմ ես երջանիկ լինել, մի՞թե իմն է այս տունը, մագազինը... մի՞թե ես ևս նույնպիսի աղքատ չեմ, ինչպես յուրաքանչյուր մուրացկան... ա՜հ, անիծյալ կին... Ես այժմ հասկանում եմ ամեն բան»։ Բարսեղը թուլացած վեր ընկավ բազկաթոռի վերա, կայծակի արագությամբ մի վայրկյանում նրա աչքերի առաջից անցավ յուր ամբողջ կյանքը. ահա հայրը, մայրը... քարվանսարան... Սարգիսը... աղա Գրիգոր