Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առիթներ էի որոնում մի անգամ երես առ երես խոսելու Քալիի հետ, ստուգելու կասկածներս ու ենթադրություններս, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում ինձ մենակ մնալ նրա հետ․ կամ մայրը, կամ հայրը, կամ բժիշկ եղբայրը, կամ երեխաները միշտ մեզ մոտ էին լինում։

Այսպես շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ Կոլյան լիովին առողջանալուց հետո նորից սկսեց գալ ինձ մոտ դասերի, և ես այլևս առիթ չունեի գնալու նրանց տուն։

Բայց հույսս դեռ բոլորովին չէի կտրել և մութ կերպով ինչ-որ բանի սպասում էի, մինչև որ ահա թե ինչով վերջացավ այս տրագի-կոմեդիան։

9

Մայիսը վերջացել էր։ Սկսվել էին ամառային արձակուրդները։ Անսովոր տոթ օրեր էին։ Մի երեկո գնացել էի Մուշտայիդ մի քիչ զով օդ շնչելու։ Այգու հրապարակում շատ քիչ մարդ կար, որովհետև օրը հասարակ օր էր և այդ երեկո էլ նվագածուների խումբ չկար։ Հրապարակի բոլորքը ծառերի տակ նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ կանայք, որոնց առջև խաղում էին նրանց երեխաներն իրենց հատուկ ճիչ ու ծղրտոցով։

Այն միջոցին, երբ ուզում էի անցնել դեպի գետափ, աչքս ընկավ ռոտոնդի բաժինը, ուր ինձ համար միանգամայն անսպասելի կերպով տեսա Քալիին իր բժիշկ եղբոր հետ սեղաններից մեկի մոտ նստած։ Քալին նկատեց ինձ և հեռվից գլխով բարև արավ։

Մոտեցա, բարևեցի։ Հրավիրեցին, որ նստեմ։ Նկատեցի, որ բժիշկը շատ էլ հաճությամբ չընդունեց ինձ. երևի տան մեջ իմ մասին ունեցած խոսակցությունը որոշ ազդեցություն էր գործել այդ կրթված երիտասարդի վրա։

— էլ չեք գալիս մեզ մոտ, անպատճառ հիվա՞նդ պիտի ունենանք, որ գաք,— ասաց Քալին ծիծաղելով։

Ոչինչ չպատասխանեցի։ Ի՞նձ էր միամիտ կարծում, թե իրեն էր միամիտ ձևացնում։ Սակայն, ըստ երևույթին, իսկույն գլխի ընկավ, որ իր հարցումն անտեղի էր, մի քիչ շփոթվեց և սկսեց հարցուփորձ անել, ամառս ո՞ւր եմ գնալու,