Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի վայրկյան ինձ թվաց, թե գինու հոտ առա նրա բերանից:

— Դու հարբած ես,— ասացի, շեշտակի նայելով նրա աչքերին։

— Այո, մի քիչ, ինչպես ասում են, քեֆով եմ,— խոստովանեց նա, կամաց ծիծաղելով։

— Տեսնում եմ, որ հյուր ես եղել։ Ո՞րտեղ էիր։

— Ո՞րտեղ... Որ ասեմ, չես հավատա:

— Մի վախենա, այնպիսի դրության մեջ եմ տեսնում քեզ, որ ինչ էլ ասես՝ կհավատամ։

Կարճ ժամանակ նայում էր ինձ ժպտալով։ Ըստ երևույթին տատանվում էր՝ ասի, թե թողնի, որ ես գուշակեմ։ Հետո հանկարծ վեր թռավ, ամուր գրկեց ինձ և փսփսաց ականջումս.

— Այս գիշեր նշանվեցի։

Ու, պինդ համբուրելով ականջիս տակ, հեռացավ և, շարունակ ժպտալով, սկսեց դիտել ինձ, կարծես ստուգելու հասար, թե ինչ տպավորություն գործեց ինձ վրա իր հայտնած նորությունը։

Իսկ իմ ստացած տպավորությունն ապշեցուցիչ էր, որովհետև նրա հայտնած նորությունը միանգամայն անակնկալ էր ինձ համար։ Եվ, որովհետև այդ տպավորության տակ ես բան չգտա ասելու և զարմացած նայում էի նրան, նա դեմ արավ ինձ իր աջ ձեռքի անանուն մատը, որի վրա ոսկե մի պարզ մատանի կար, և ասաց մի տեսակ պարծանքով.

— Այ, թե չես հավատում։

— Ուրեմն հիմա այնտեղի՞ց ես գալիս։

— Այո՛, գալիս եմ ուղղակի նշանածիս տանից։

— Որ հայտնես ինձ այդ նորությունը այս կեսգիշերին. կարծես թե վաղը չէիր կարող։

— Վա՞ղը... Այդքան համբերություն կա՞ որ։ Եվ ո՞ւր գնայի։ Տո՞ւն, որտեղ մի կենդանի հարազատ շունչ չկա, որին հայտնեի ուրախությունս։ Եվ ի՞նչ անեի մինչև վաղը։ Քնեի՞։ Քունս փախել է։ Ախր, որ գիտենաս ինչ է կատարվում իմ մեջ... Սրտումս վարդ է բացվել, հոգիս երգում է. ուզում եմ ասել, խոսել, պարել. ուսերիս կարծես թևեր են