Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուսել, և թվում է թե՝ որ թափահարեմ, կթռչեմ, ինչպես... ինչպես...

Եվ իսկապես մի ոստյունով թռավ ձեռքերը տարածած, պինդ գրկեց գլուխս և, չնայելով դիմադրությանս, սկսեց խելագարի պես համբուրել դեմքիս ինչ տեղ որ հանդիպեր։

Ծիծաղելի լինելով հանդերձ, այն աստիճան սրտագրավ էին նրա սրտի զեղումները, որ ակամա ավագ-եղբայրական մի քնքշանք զարթնեց հոգուս խորքում դեպի այդ մեծ երեխան, որին միշտ սիրել էի իր առասպելական պարզամտության և անմեղ-երեխայական բնավորության համար:

Մի կերպ հանգստացրի, նստեցրի և սկսեցի հարցուփորձ անել։

— Թեև ես իրավունք ունեմ,— ասացի,— քեզնից նեղանալու, որ այդպիսի մի խոշոր քայլ ես արել առանց իմ գիտության, բայց և այնպես ներում եմ, որովհետև, ինչպես տեսնում եմ, թաքուն սիրահարված ես եղել և ուզել ես թաքուն էլ վերջացնել բանը, երևի կարծելով, թե ես արգելք կարող եմ լինել։ Այդպես չէ՞։

— Ամենևին ոչ։

— Հապա՞։

— Ես ոչ միայն սիրահարված չեմ եղել, այլև այս երեկո առաջին անգամն էր, որ տեսա նրան։

— Ո՞ւմ, աղջկա՞ն։

— Այո։

— Որի հետ նշանվեցի՞ր:

— Այո։

Զարմանքը տարավ ինձ։ Որ չճանաչեի նրան, կկարծեի կատակ է անում։

— Լսիր, Գարեգին։ Մի քիչ առաջ, այնտեղ, դռան մոտ, քո այս տարաժամ այցը մի րոպե կասկած զարթեցրեց իմ մեջ, թե հո չես ցնորվել։ Հիմա պարզորեն հարցնում եմ քեզ՝ իսկապես ուղեղդ տե՞ղն է։

— Ի՞նչպես։

— Որովհետև հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում: Կարելի բա՞ն է առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ։