Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առհասարակ, իբրև «пленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած` էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեի ուսանողներից` չափազանց ջանասեր և իր կեղևի մեջ պինդ փակված, ինչպես անպետք մի տխիլ, որ ատամով չի կոտրվում՝ գրպանում որ մի մանեթ ունենար, մորթեիր— մի կոպեկ չէր ծախսի. ասում էր` վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում էր, որ այսօր քաղցած է մնում։ Իսկ ես, ընդհակառակը, այսօր ինչքան փող ուզում ես դիր գրպանս, վաղը կտեսնես մի կոպեկ չկա։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար հիմարություն է։ Վաղվան մասին մտածում են վախկոտները, այսինքն նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա։

Նորից լցրեց իր բաժակը և, տեսնելով, որ իմը դեռ լիքը դրված է առջևս, բացականչեց.

— Տո՛, խմիր, է՜։ Չլինի՞ դու էլ իմ ասած վախկոտներիցն ես. վախենում ես հարբես և վաղն անպետք դառնաս գործի համար։

— Շատ ճիշտ գուշակեցիր,— նկատեցի ես ժպտալով։

Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շրթունքներին, նորից դրեց սեղանի վրա և դարձավ ինձ շատ լուրջ տոնով.

— Լսիր, Մարգարյան։ Թեև ինձնից քեզ խրատ չի հասնի, բայց և այնպես խորհուրդ կտամ — երբեք չմտածես վաղվա մասին: Այլապես ամբողջ կյանքդ կթունավորես։ Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ձևակերպենք, ի՞նչ պետք է լինի կյանքը այն դժբախտ մահկանացուի համար, որի անունն է մարդ.— րոպեական հաճույք և հաճոյական րոպեների մի շարահար շղթա, մինչև որ կգա անխուսափելի սահմանը, որից դենն արդեն Նիրվանայի թագավորությունն է։ Է՛հ, երբ որ ներկա րոպեի հաճույքը վանում ես քեզնից ինչ-որ անհայտ վաղվան հաշիվներով, էլ ի՞նչու ես ապրում։ Այդպիսով իբր թե խոհեմությամբ,— ա՛յ մի բան, փայտի