Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՊՈՊ

Զինագործ Ասատուրը,— հնամաշ արխալուղով, կաշե գոտկով, արբեցողությունից ուռած- կարմրած դեմքով մոտ քառասուն տարեկան մի մարդ, որ ամբողջ թաղում և բազարում հայտնի էր Հոպոպ մականունով,— երեկոյան իր հավաբնի չափ փոքրիկ խանութը փակելուց հետո տուն էր գնում։ Մի ձեռքին բռնած էր կես-թունգանոց մի գավ, որի պատերը տարիների ընթացքում սևացել էին կարմիր գինուց, մյուս ձեռքին կարմիր աղլուխի մի կապոց, որի մեջ կար մի քիչ «դոշ» (ձուկ), մի քիչ կանաչի, մի կապոց կարմիր բողկ և երկու սպիտակ «շոթի» (վրացական երկայն ու նեղ հաց), որոնց սուր ծայրերը երկար ականջների պես դուրս էին ցցված աղլուխի կապի արանքներից։

Արևը նոր էր մայր մտել. ամառային անտանելի տոթ եղանակը փոքր-ինչ կոտրվել էր, բայց և այնպես անշարժ օդը հագեցած էր արևից կիզված փոշու ծանր հոտով։ Թաղի կանայք երկարատև օրվա չարքաշ աշխատանքից հետո խումբ-խումբ նստոտած էին իրենց դռների առջև մերկ ոտներով մերկ գետնին, գլխների փաթաթանների կապն արձակած կիսաբաց կրծքներին և զբաղված էին իրենց սովորական խոսք ու զրույցով, որոնք բամբասանքներից դենը չէին անցնում։ Բոկոտն, գլխաբաց, կեղտոտ երեխաները ճանճերի պես իրար խառնված՝ վազվզում էին փողոցներում ականջ խլացնելու չափ ճիչ ու ծղրտոցով։

— Հո՜պոպ,— հանկարծ կանչեց երեխաներից մեկը։

Հոպոպն ամենևին ուշադրություն չդարձրեց այդ կանչին, որը, ինչպես երևում էր, մի շատ սովորական բան էր դարձել նրա համար, և անտարբեր շարունակում էր իր ճանապարհը։ Քրտինքը ծորում էր նրա գդակի տակից ականջների հետևով և պուտ-պուտ կաթում խունացած ուսերին։

— Հո՜պոպ... Հո՜պոպ...— ծկլթաց երկրրոդը, երրորդը, չորրորդը... և վերջին այդ հատուկենտ ծկլթոցները միախառնվեցին և դարձան ընդհանուր մի աղաղակ այնքան սուր ու համառ, որ ամենաբթացած ջղերն անգամ կարող էին գրգռվել։

Հոպոպը երկար չկարողացավ համբերել, առանց ետ նայելու