Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրոշանոց ժանգոտ թուր, խանչալ կամ հրացան հարյուր տարվա հնության տեղ ծախել եվրոպացի տուրիստների վրա շատ լավ գներով։

Գինու գավը, որ տեսանք նրա ձեռքին, բանեցնում էր տասնհինգ տարուց ավելի՝ առավոտները դատարկ հետը տանում էր խանութը, երեկոները լիքը տուն բերում։ Այնքան էր սիրում, որ շաբաթ գիշերները, դատարկելուց հետո, մոմ էր վառում վրեն՝ «Բարաքես սրա մեջն ա,— ասում էր,— ինչ էս գավով գինի եմ խմում, բանս լավ ա գնում։ Մի անգամ նրա մեծ տղան, վեց տարեկան, ոտով դիպավ գավին. գավը գլորեց և քիչ էր մնում թախտից ընկներ կոտրվեր։ Հոպոպը վրա ընկավ երեխին և սկսեց ծեծել նրան այնքան սաստիկ, որ կսպաներ, եթե կինը չխլեր որդուն կատաղած հոր ձեռքից։ Բարեբախտաբար, գավն արդեն դատարկված էր, թե չէ, ծեծից նրան էլ բաժին կհասներ։

* * *

Կինը տանը չէր, որ Հոպոպը տուն հասավ։ Դուրսը պատի տակ տղան տուն էր շինում տաշեղներից։ Բացի կարճ, կեղտոտ շապկից, ուրիշ բան չկար նրա հագին։

— Ո՞ւր ա մերդ,— հարցրեց հայրը։

Տղան վեր կացավ, աչքերը տնկեց հոր ձեռքի աղլուխին և պատասխանեց.

— Բագրատանց տուն գնաց։

Հոպոպի աչքերը կրակ կտրվեցին։

— Էլի՞... վայ ես նրա...— հայհոյեց նա, շտապով ներս մտավ, գավն ու աղլուխի կապոցը դրեց թախտի վրա և նորից դարձավ որդուն։— Գնա էս սըհաթիս կանչի։ Դե, հը՛։

Տղան, որ հոր հետևից ներս էր մտել և աչքը չէր հեռացնում աղլուխից, հանկարծ շուռ եկավ ու դուրս թռավ։

— Բագրատանց տո՜ւն... Լա՛վ, շա՛տ լավ,— սկսեց բարձրաձայն խոսել ինքնիրեն Հոպոպը։— Դե հըմի կգաս, կտեսնանք, էլի... ես քեզ Բագրատանց տուն շանց կտամ... Հա՛յ գիդի, հա՛, Ասատուրը մեռել ա, է՛լի, էլ չկա, էլ գետնի երեսին ման չի գալի, է՛լի, որ նրա կնկա հետ ուրիշներն են