Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոպոպը ցնցվեց և կանգ առավ հանկարծ։ Նրան թվաց, թե իրեն տվին գետնովը։ Աչքերը մթնեցին։ Էլ չիմանալով, թե ինչ է անում, արագորեն կռացավ, մի մեծ քար թռցրեց գետնից և ծայրահեղ կատաղի թափով շպրտեց փախչող կնոջ հետևից։

Քարը շեշտակի գնաց դիպավ կնոջ մեջքին։ Կինը սաստիկ ճչաց, իներցիայով առաջ վազեց մի քանի քայլ էլ և փռվեց գետնին երեսի վրա։

Հռհռացող փողոցը հանկարծ լռեց և քարացավ։

1890

ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈԻ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ

Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը, բաղկացած ընդամենը մի մեծ սենյակից, որի դուռը բացվում էր ուղղակի դեպի բակը։ Տնակի մի կողքին կպած էր տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին՝ մի ընդարձակ ծածկոց, որի տակ Յագորը գիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգի աժդահա ձին։ Բակը փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էր ձիու ամիսներով հավաքված աղբը։ Մինչդեռ բակի մնացած մասում մի ծեղ անգամ չէր կարելի գտնել — այնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինը — Անանը, օրը լուսանար թե չէ, ամենից առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում։

Զարմանալի մաքրություն էր տիրում նաև ներսը, սենյակում։ Հնամաշ, տեղ-տեղ թելերը դուրս թափված կապերտը ցածրիկ թախտի վրա միշտ ավլած էր։ Հողե հատակն անդադար ջրվելուց խոնավացել, պնդացել, գորշ գույն էր ստացել և այնքան մաքուր էր, որ, ինչպես ասում են, յուղ թափեիր՝ կհավաքվեր։ Թախտի, երկու փոքրիկ պատուհանների, ծալքի և թարեքի սպիտակ միտկալի վարագույրները և չորս