Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ։ Եվ այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ ճմռում էր լվացքը, նրանք ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային։ Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքը հավաքած, տղան վարտիքը մինչև ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր կազմում։

Այդ երեկո էլ, ամբողջ օրը կիզիչ արևի տակ գետափին անցկացնելուց և լվացքը, կաթսան ու թաբախը տիրոջը հանձնելուց հետո, նոր էին վերադարձել տուն և հոգնած ու քաղցած՝ հաց էին ուտում, որ շուտով քնեն և առավոտը վաղ-վաղ դարձյալ գործի գնան։

— Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու,— ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև։

— Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու,— ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով իր առջև։

— Հրեդ, դու քիչ ունե՞ս,— ասում էր առաջինը։

— Դու ավելի շատ չունե՞ս,— առարկում էր երկրորդը։

— Ո՞ւր ա, հը՞, ո՞ւր ա. շատ ըլի՝ քսանն, էլի՛։

— Քսանն էլ կըլի, հըլա հարուրն էր

— Հա, ո՛նց չէ. հարուրը հրեդ քունը կըլի ու...

— Դե քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,— բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ։— Յանի ի՞նչ եք տեսել էդ կորիզի մեջ, որ ամեն հետ իրար միս եք կրծում։ Կեսը մեկիդ կտամ, կեսը՝ մեկէլիդ։

* * *

Պառավ Հեղնարը կորիզը երկու թոռների մեջ բաժանելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ Անանը երեխան խտտին։ Մտավ շտապով, հուսահատ, վճռական քայլերով։

— Նա՛նի, ախր իմ մեղքը ո՞նց ընկար, որ տարար ինձ էն դժոխքը գցեցիր,— բացականչեց նա լացակումած, երեխան գրեթե գցելով թախտի վրա։— Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որ դիմանամ։ Աստոձ ինձ էլ մարդ ա ստեղծե՞լ, թե շուն։

Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով