Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նար-Դոսի երկերում: Կերպարները հայտնվում են մի տեսակ պատրաստի վիճակում: Ահա ձեզ այս կամ այն պատրաստի տիպը. այժմ տեսնենք ներսն ի՞նչ կա:

Նար-Դոսը գտնում էր, որ հեղինակի կամքը իրավունք չունի դուրս գալու գրվածքի սահմաններից, այլապես տարօրինակ բան դուրս կգա: Նա հանգամանքները դասավորում է այնպես, որ իրար շարունակող ու իրարից ծագող դեպքերն ընթանում են բնական կարգով: Դետերմինիզմը որոշիչ ու իշխող է: Կերպարները հայտնվում են կամ հեռանում ճիշտ ժամանակին, իրենց ճշգրիտ տեղում, նույնքան բնական ու տրամաբանված: Կերպարը դիտվում է որոշակի պայմանների մեջ ու այդպես էլ հատկանշվում, դրսևորում իրեն այնպես, ինչպես կա և ոչ թե այնպես, ինչպես կարող է լինել: Օբյեկտիվությունն ու հոգեբանական, սյուժետային պատճառաբանությունը Նար-Դոսը հասցնում է հաճախ կատարելության: Արձակագրի ուժ ու վարպետություն, հոգեբանական նրբությունների ինչպիսի հմուտ մարմնավորում, կյանքային ինչպիսի համոզչականություն: Նրա լավագույն այն կերպարները, որ ձևավորված են ըստ նախադիր իդեայի, որոշակի տենդենցի, չեն մնում դրանց պարտադրած սխեմայի, կաղապարի մեջ, պատկերվում են հարուստ բազմազանությամբ: Չի կարելի, օրինակ, ռոմանտիկական կերպարին հատուկ միանշանակություն և ուղղագծություն տեսնել Թուսյանի մեջ, որքան էլ նա գործնական հեդոնիզմի ուղղակի խտացում է թվում առաջին հանդիպումից և առաջին հայացքից: Նրա մարդկային էությունը ամեննալարված պահերին հեղինակը բացահայտում է արտակարգ տակտով: Թվում է Թուսյանը միանգամից բնութագրվում է սպառիչ ու ավարտուն. հեդոնիզմի, ցինիզմի ինքնաբավ մի խտացում, էմոտիվիզմի գեղարվեստական ընտիր մի իլյուստրացիա: Մինչդեռ, լավ յուրացված ու մշակված դերն է, որ, իհարկե, դերակատարը խաղում է նվիրվածությամբ ու տաղանդով: Իսկ Նար-Դոսն անխնա քննությամբ ուղղվում է դեպի խորքը, և տիպը, որի միակ նպատակը՝ շատերի համոզմունքով, անբարոյականության արդարացումն ու հաստատումն է, երևում է դրան հակադիր գծերով՝ դրական ու մարդկային: Ներքին անհատը և արտաքին ամուր, գրեթե անթափանց կեղևը էականորեն տարբեր են:

«Սպանված աղավնին» մի դեպքի և դրա հետևանքների պատմություն է, որը, բնականաբար, դառնում է գործող անձանց արարքների գնահատության ներքին էության ճանաչման միջոց: Գործող անձինք ներկայանում են. ա) Իրենց ինքնագնահատականով, բ) Մյուսների գնահատակահով, գ) Գործողության մասնակից գրողի գնահատականով. դ) Ընդհանուր օբյեկտիվ գնահատականով, որ բխում է ողջ նկարագրությունից, տարբեր հայեցակետ-համոզմունք-գնահատությունների համադրում-ամբողջությունից: Այսպիսով գրողը հանդես է գալիս երկու դերով, նախ որպես հեղինակ՝ օբյեկտիվ-հավասարակշիռ դիտող, նկարագրող, մեկնաբանող, և երկրորդ, որպես գործող անձ, մասնակից, նկարագրելով և իր սուբյեկտիվ ապրումները: Արդ, հեղինակը, որ հենց Նար-Դոսի տեսական ըմբռնումների համաձայն անտեսանելի, թաքնված պիտի մնա կերպարների ինքնաքննության, ինքնազարգացման, նրանց փոխհարաբերությունների հետևում,