Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այնպես պինդ, որ դռան հետ խրճիթն էլ ամբողջ շարժվում էր տեղից։

— Ո՞վ ա,— կանչեց պառավը լեղապատառ։

— Զահրումար ու չոռ ա, բաց արա, էլի — լսվեց տղամարդու մի հուժկու ձայն, և խրճիթը նորից դրնգաց դռանն իջեցրած ոտի մի կատաղի հարվածից։

— Արտե՞մ... Ա՛յ քու սիրտը չմեռնի, լեղիս ճաքեց,— ասաց պառավը, վեր կացավ, մթության մեջ խարխափելով մոտեցավ դռանը և, հազիվ գտնելով սողնակը, բաց արավ։

Գարնանային պարզ գիշեր էր։ Դռան առջև կանգնած էր մի պարթև երիտասարդ, գդակը ձեռին։

— Էսքան թրխկթրխկացնում եմ, չես իմանո՞ւմ,— գոռաց նա մոր վրա։

— Քնով ի անցել, Արտեմ ջան,— խեղճ-խեղճ պատասխանեց մայրը։

— Ա՛յ, ընենց քնով անցնես, որ էլ վեր չկենաս,— ասաց Արտեմը և, լայն շեք տալով, ներս մտավ։— Ճրագ վառի,— հրամայեց նա։

— Նավթ չունենք, Արտեմ ջան։

— Բա մթնումն ես նստո՞ւմ։

— Բա ի՞նչ։

— Գիժ ա անտեր մունդռիկը՞։ Տո, էրկու գրոշի նավթն ի՞նչ ա, որ չես առնում։

— Էրկու գրոշի տվողն էլ դու ես, որ չես տալի ո՞րդիան առնեմ,— վրա բերեց պառավը մի քիչ վրդովված:

— Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ։

Պառավը հանկարծ վառվեց։

— Եքա տեղդ ըտեղ սարի պես կանգնած, անխոս թռչունքին ես ասո՞ւմ,— կանչեց նա զայրագին։— Մերդ եմ, հալից-ջանից ընկած, տարի ա անց կենում, էրեսիս մտիկ չես տալի, էլի մենձ սրտովը դու ե՞ս։ Ամոթ էլ ա քաշի, է։ Հավերս ինձ հաց են տալի, դո՞ւ ինչ ես տալի, որ հըլա սատկացնում էլ ես։

— Դե, շատ մի՛ ճղճղա, թե չէ, հը՛,— սպառնաց Արտեմը և մոտեցավ նրան։

Որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի։ Պառավն իր գլխի վերև տեսավ մթության մեջ փայլող երկու