Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանեց պառավը, առանց գլուխը կարկատանից բարձրացնելու։

— Վա՜յ, նանի, նանի, գրողը քեզ տանի,— կանչեց Արտեմը ծիծաղելով, լայն շեք տվեց մոր վրայով և դուրս գնաց։— Հը, ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել,— ասաց, հանկարծ կանգնելով մոր առջև.— ուզո՞ւմ ես, լոթիանա փող բախշեմ։

— Փող ունես, տար արգանով քեփ արա, ինձ խի՞ կտաս,— քրթմնջաց պառավը միշտ գլուխը կախ կարկատանի վրա։

— Հայ գիդի, նանի, աչքդ ոնց վախեցել ա։ Այ թե չեմ տա։— Արտեմը ձեռքը կոխեց սև սատինի արխալուղի գրպանը և սկսեց դրամները չխկչխկացնել գրպանի մեջ, պառավի ախորժակը գրգռելու համար։— Հը, տա՞մ։

Դրամների շխկշխկոցը, հիրավի, իր մոգական ազդեցությունն ունեցավ պառավի վրա։ Նա կարկատանը մի կողմ դրեց և ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի որդին.

— Վույ, տու, տու, Արտեմ ջան, քեզ մատաղ ըլի նանը։

Արտեմը մի բուռ սև ու սպիտակ դրամներ հանեց գրպանից և այս անգամ սկսեց չխկչխկացնել բռան մեջ։

— Տա՞մ, ասում ես։

Պառավը մի քիչ բարձրացավ նստած տեղից՝ ձեռքերը միշտ պարզած դեպի որդին.

— Արտեմ ջան, արևիդ մեռնի նանը. հենց իմանաս ժամի դռանը նստած մի աղքատ եմ։

— Լավ, որ տամ, ի՞նչ կանես։

Պառավը շտապով վեր կացավ։

— Ա՛յ ինչ կանեմ, Արտեմ ջան։ Առաջ մի քիչ բուրդ կառնեմ, թել կմանեմ, գուլպա կգործեմ քեզ հմար էլ, ինձ հմար էլ։ Եննա սապուն կառնեմ, կլվանամ քու փոխնորդն էլ, իմն էլ։ Եննա նավթ կառնեմ, որ գիշերը գաս՝ վառեմ։ Եննա չայ-շաքար կառնեմ, մի քիչ էլ գործլի, որ առավոտը վեր կենաս, չայ խմացնեմ։ Եննա...

— Վա՛-վա՛, է՜, չհատա՞վ,— բացականչեց Արտեմը։

— Ո՞նց հատնի, Արտեմ ջան, քիչ պակասություն ունե՞նք,— ասաց պառավը։— Հըլա հավերի կուտը չասեցի։ Բա պանիրը. քանի վախտ ա սրտով պանիր եմ ուզում։