Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և վազեց դեպի թառը։ Թառը նույնպես դատարկ էր։

— Վա՛յ, քու սիրտը չմեռնի, Արտե՛մ, էս ի՞նչ արիր,— ճչաց պառավը և, շտապով դերիան գցելով գլխին, դուրս ընկավ։

Ու հևալով, անդադար սայթաքելով սկսեց վազել ամայի փողոցի երկարությամբ, առանց զգալու, որ սուր-սուր խճաքարերը ծակում են իր չորիկ-մորիկ մերկ ոտները։ Հետո, այլևս չկարողանալով շունչը ետ բերել, կանգ առավ, նստեց հենց այնտեղ, փողոցի մեջտեղը, և սկսեց թակել ծնկներն ու լալ առանց արտասուքների։

Արտեմը չքացել էր։

1890


ԱԴԱՄԱՄՈՒԹԻՆ

Շուշանը — մի պստիկ, լղար կին — կուչ էր եկել իրենց տան անկյունում։ Այդ տուն կոչվածը մի բավական մեծ խրճիթ էր, որ երբեմն տիրոջ կթան կովերի համար գոմի տեղ էր ծառայում։ Պատերն այնքան խոնավ էին, որ քիչ էր մնում ջուր կաթեր։ Գետնից բավական բարձր գտնված մի հատիկ լուսամուտի չորս ապակիներից երկուսը կոտրված էին և տեղը թղթեր էին կպցրած։ Ներսն այնքան մութն էր, որ ցերեկվա լույսից մտնողը պետք է մի քանի րոպե սպասեր, մինչև որ բան տեսներ։ Սակայն դրսից լույսը մտնելուն քիչ չէին օգնում և հին փտած դռան տախտակները, որոնք ժամանակի ընթացքում չորանալով՝ մի-մի մատ հեռացել էին իրարից և իրենց արանքներից լույսի զուգահեռական գծեր էին շպրտում մինչև հանդեպի պատը։

Աշուն էր։ Ցուրտ քամին շրխկշրխկացնելով շարժում էր դուռը և սվսվալով ներս մտնում տախտակների արանքներից։ Լուսամուտի երկու կոտրված ապակու տեղ կպցրած թղթերն ուռչում փքվում էին դեպի ներս, դողում էին և ապա հանկարծ դեպի դուրս փլխվում շառաչյունով։

Շուշանն ամբողջ մարմնով դողալով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա և վերմակի նմանություն ունեցող մի ինչ-որ