Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փախավ և սկսեց պարապ-սարապ թրև գալ իր նման փոքրիկ փողոցային տղաների հետ։ Հոր ծեծը չազդեց նրան. տնից էլ փախավ, և ծնողները չէին իմանում ո՛րտեղ է նա օրը մթնացնում և գիշերը լուսացնում։ Վերջապես հայրը մի անգամ տեսավ, որ մի ոստիկան նրա թևից բռնած տանում էր ոստիկանատուն. նրան բռնել էին գողության համար։

Սեդրակը (այդպես էր Կարապետի որդու անունը) սփրթնել, թուքը ցամաքել էր, բայց ոստիկանի հետ գնում էր համարձակ քայլերով, տղամարդու պես։ Նա տեսավ հորը, բայց ձայն-ծպտուն չհանեց։

— Հախդ ա, շան որդի,— ասաց հայրը և անցավ գնաց։

Այդ րոպեին նա, մի կարճ ճիպոտ ձեռքին, մի քանի ոչխար էր քշում։

* * *

Աշնան քամին ոռնում էր դուրսը։ Շուշանը տնքում էր ներսը։ Երեխաներից երկուսը,— մեկը երեք, մյուսը չորս տարեկան,— ծալապատիկ նստած էին խոնավ գետնին փռած մի հնամաշ խալիչի վրա և ոտով-գլխով ծածկվել էին հազար ու մի ծակուծուկ ունեցող մի հին, դեղնած յափնջու տակ։ Այդ յափնջին թուխս նստած հավի դեր էր կատարում, իսկ նրա տակ ցրտից պատսպարված երեխաները ճուտերի էին նման։ Տեղը տաք էր, և նրանք խաղում էին իրար հետ. յափնջու տակից լսվում էին անհոգ քչփչոցի և երբեմն ծիծաղի ձայները։ Քամու կատաղի ժամանակ, երբ դուռը սովորականից ավելի էր չխչխկում, նրանք հանկարծ գլխներից ետ էին քաշում յափնջու ծայրը, նայում էին դռանն այնպիսի հայացքով, որ կարծես մարդու էին սպասում և տեսնելով, որ մտնող չկա, ցրտից սարսռալով յափնջին նորից գլխներին էին քաշում և շարունակում իրենց մանկական քչփչոցը։

Դուռը բացվեց և շտապով ներս մտավ ոտաբոբիկ, գլխաբաց, գզգզված մազերով 7—8 տարեկան մի աղջիկ։ Սառը քամին խանձել էր նրա դեմքը, ձեռքերը և մերկ ոտները կապտել էին։ Շալակին մի տոպրակ ուներ։ Մի ոտը գետնին դիմհար տալով, ցրտից սառած ձեռքով հազիվ կարողացավ քամու ուժգին հոսանքի դեմ ետ դնել դուռը և ներսի սողնակը գցել։

Յափնջին նորից շարժվեց, և փոքրիկներն ուրախական